33-ամյա դերասանուհի Ռոզա Ավետիսովան արդեն երկար ժամանակ է, ինչ չի երևում հեռուտաէկրաններին․ նախկինում գեղեցկուհին բավականին հաճախ հանդես էր գալիս հայտնի ու սիրված հեռուստասերիալներում, ֆիլմերում, ինչի շնորհիվ նա կարճ ժամանակամիջոցում ձեռք էր բերել ոչ միայն լայն ճանաչում, այլ նաև երկրպագուների մի ամբողջ բանակ։
Չնայած այս ժամանակահատվածում Ռոզին չի ծավալում ակտիվ գործունեություն, նա պարբերաբար կիսվում է երկրպագուների հետ գեղեցիկ ֆոտոշարքերով ու իր կյանքից հետաքրքիր փաստերով։
Showbiz.am կայքի հետ զրույցում Ռոզի Ավետիսովան խոսեց իր անձնական կյանքում կատարված կարևոր փոփոխության, ստեղծագործական դադարի և բարձր ինքնագնահատականի մասին:
«Անհույս է մեր մասնագիտությունը»,-ասում է Ռոզին:
2009 թվականին ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ մինչ 2019 թվականը Ռոզի Ավետիսովան դեռ երբեք չէր ստացել ոչ մի առաջարկ թատրոնների կողմից:
Գեղեցկուհին իր սերն ու ջերմությունը թատրոնի նկատմամբ մեկնաբանում է հետաքրքիր ձևով.«Մենք՝ դերասաններս, լավ հատկություն ունենք, չենք ասում՝ գնում ենք գործի, ասում ենք՝ գնում ենք թատրոն, նկարահանման, այն մեզ համար աշխատանք չէ»:
Դերասանուհին նաև կարծիք է հայտնում՝ որն է թատրոնների պահանջարկի նվազման պատճառը. «Հայ թատրոնում պակասում է ժամանակակից դրամատուրգիան և լավ ռեժիսորները․ հանդիսատեսի հոսքը վերոնշյալ պատճառներով է կրճատվել»։
Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։
Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։
Արդեն 2010 թվականից նա նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել» հաղորդաշարում, ինչպես նաև «Փեսացուն կրկեսից», «Սկոչ և վիսկի», «Սահմանին», «Վերջին աղոթք» ֆիլմերում, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» հեռուստասերիալներում։
Դերասանուհին պնդում է. «Հայ կինոարտադրությանը պակասում է փողը և լավ սցենարիստները, ցավոք, Հայաստանում՝ հատկապես վերջերս, ավելի անհույս է մեր մասնագիտությունը։
Երբեք չեմ մտածել հայտնի դառնալու մասին, այլ սիրել եմ խաղալ ու կարևոր չեմ համարել հայտնիության փաստը, երևի այդ իսկ պատճառով դա տեղի ունեցավ շատ արագ։
Որևէ դերից չեմ խուսափում, իսկ անկողնային տեսարաններն էլ ընդունում եմ նորմալ, իհարկե, էսթետիկայի սահմաններում»,- պատմում է Ռոզի Ավետիսովան։
Ռոզիի խոսքով՝ առաջարկների դեպքում հաշվի է առնում մի քանի կարևոր փաստ, որոնցից մեկը նկարահանող թիմն է, որովհետև դերասանուհին կարևորում է, թե ինչպիսի մարդկանց հետ է աշխատելու: Առաջնային է նաև սցենարի հետաքրքրությունը։ Ավետիսովան նաև խոստովաենեց, որ հետաքրքիր նախագծերի դեպքում անգամ հոնորարին ուշադրութոյուն չի դարձնում։
«Պետք է լինել սիրահարված ու ինքնասիրահարված»,- խորհուրդ է տալիս Ռոզին:
Հիմա Ավետիսովան մասնագիտական դադարի մեջ է, սակայն դադարը կարճ կլինի, որովհետև նա նոր ծրագրեր ունի, որոնց մասին կխոսի ավելի ուշ։
Օրեր առաջ դերասնուհին ներկայացրել էր ինքնատիպ ու սեքսուալ ֆոտոշարք, որն անչափ դուր էր եկել երկրպագուներին։
Դերասանուհին խոստովանում է, որ լուսանկարվել չի սիրում, և դա է պատճառը, որ սոցիալական ցանցերում հազվադեպ է լուսանկարներ հրապարակում։
«Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»,- ասում է Ռոզի Ավետիսովան և հավելում, որ կինը պետք է լինի միշտ սիրահարված և ինքնասիրահարված։
Իր ոճի մասին խոսելիս Ռոզին նշում է, որ այս դարում նորաձևությանը չհետևել հնարավոր չէ։ Ինքն էլ իր չափով հետևում է թրենդներին, սակայն դրանց հիվանդագին նշանակություն չի տալիս։
«Արդյունքում ընտրում եմ այն, ինչն ինձ համապատասխանում է, և ինչն ինքս գեղեցիկ եմ համարում։ Միշտ փորձում եմ հագածիս մեջ լինել բնական ու չխախտել իմ սկզբնական վիճակը։ Իմ կառուցվածքն ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել»,- կիսվում է Ռոզին:
Ռոզի Ավետիսովան ասում է՝ չնայած այն բանին, որ աստղային կյանքը բավականին խանգարում է անձնականին՝ նրա սիրտը կարողացել են գերել։ Բացահայտել սիրեցյալին նա հրաժարվեց, սակայն պատմեց, որ իր տղամարդու իդեալը զուսպ է, համեստ, շռայլ և կնամեծար ու հավելեց․ «Տղամարդու մեջ սիրում եմ ճակատը»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան