«Երջանիկ չվերթներ». ավիաընկերությունները պատմել են օդանավում ամուսնության առաջարկությունների մասին

Ռուսաստանում գործող ավիաընկերությունները պատմել են «երջանիկ չվերթների» մասին, որոնց ժամանակ ուղևորները «երկնքում» ամուսնության առաջարկ են արել իրենց ընտրյալներին, հայտնում է «РИА Новости» գործակալությունը` հղում տալով ավիափոխադրողների շրջանում Туту.ру ծառայության հարցման արդյունքներին:

Նշվում է, որ մի շարք ավիաընկերություններ հայտնել են, որ մեծ ուրախությամբ օգնել են ուղևորներին` նրանց կյանքում այդ պահն է՛լ ավելի հիշարժան դարձնելու համար:

Հարցմանը մասնակցած ռուսական Smartavia ընկերությունը նշել է, որ նման բան օդանավում կարելի է անվճար հիմունքներով կազմակերպել, սակայն դրա համար անհրաժեշտ է ընկերության կայքում նախապես դիմում ներկայացնել: Ավիաընկերության ներկայացուցիչը հիշատակել է, որ թռիչքների ժամանակ երկու նման դեպք են ունեցել, որոնց ընթացքում օդանավում երիտասարդների համար առաջին շարքում հատուկ տեղ են պահել, ավիաընկերության լուսանկարիչը ֆիքսել է հիշարժան պահը, որից հետո բոլոր ուղևորներին շամպայն են հյուրասիրել:

Հարցմանը մասնակցել են նաև Utair-ը, «Ուրալյան ավիաուղիները», Ռուսաստանում Finnair-ի, Qatar Airways-ի ներկայացուցիչները, որոնք պատմել են առանձին դեպքերի մասին` նշելով, որ առաջարկություններ եղել են ոչ միայն ուղևորների, այլ նաև սպասարկող անձնակազմի համար:

Հայտնի է, որ նման բան կարելի է կազմակերպել միայն 2 ժամ տևողությամբ թռիչքների ժամանակ: Որոշ ավիաընկերություններ նման ծառայությունների համար հավելյալ գումար են վերցնում, իսկ առավել խոշոր ընկերություններն այդ ամենն անվճար են կազմակերպում։