«Չեմ ուզում մահանալ»․ Էմի Ուայնհաուսի՝ մահից ժամեր առաջ արած խոստովանությունն իր բժշկին

Բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի բժիշկը հայտնել է երգչուհու՝ մահից ժամեր առաջ արած խոստովանության մասին, գրում է Mirror-ը։

Բժիշկ Քրիստինա Ռոմետեն, վերհիշելով փոփ աստղին կատարած վերջին այցելությունը, պատմել է, որ Էմին խոստովանել է՝ «երկար ժամանակ ալկոհոլային խմիչքներ չօգտագործելուց հետո կրկին սկսել է խմել»։
«Չեմ ուզում մահանալ»,- բժշկի հաղորդմամբ ասել է երգչուհին՝ գիտակցելով իրավիճակի լրջությունը։

Բժշկի խոսքով՝ չնայած երգչուհու ակնհայտ ճնշվածությանը` Էմին հրաժարվել է հոգեբանական որևէ աջակցությունից՝ վախենալով, որ այն կարող է վատ անդրադառնալ իր ստեղծագործական գործունեության վրա։

«Նա ինձ հանդիպած ամենախելացի երիտասարդ կանանցից էր»,- խոստովանել է երգչուհու բժիշկը։

Էմի Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլ, ինչպես նաև բրիտանական երաժշտության հանրայնացման և ճանաչման գործում: Նրա հագուստի հիշվող ոճը բազում դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է եղել։ Ուայնհաուսը, ով տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ, տարիներ շարունակ գտնվում էր սկանդալների և դատական գործերի կենտրոնում։

Երգչուհին մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին՝ 27 տարեկանում՝ ալկոհոլային թունավորումից։