Բրիթնի Սփիրսի որդին հայտնել է, որ իր մայրը մտադիր է այլևս չզբաղվել երաժշտությամբ

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բրիթնի Սփիրսի որդին՝ Ջեյդեն Ֆեդերլայնը հայտարարել է, որ մայրը մտադիր է «թողնել» երաժշտությունը, գրում է Cosmopolitan-ը։

Ջեյդեն Ֆեդերլայնը խոստացել է պատմել իր հայտնի մոր մտադրության մասին «ամբողջ պատմությունը», եթե Ինստագրամում իր հետևորդների թիվն ավելանա:

Ինստագրամի ուղիղ եթերում նա ասել է. «Ի՞նչ է կատարվում մորս հետ: Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ այն ժամանակ, երբ 5000 հետևորդ ունենամ»։

Երկրպագուներից մեկի այն հարցին, թե արդյոք երգչուհին մտադիր չէ նոր երաժշտություն ներկայացնել, Սփիրսի 13-ամյա որդին ասել է, որ չի կարծում, որ մայրն ընդհանրապես երաժշտությամբ կզբաղվի:

«Հիշում եմ՝ մի անգամ հարցրի․ «Մամ, ինչո՞ւ էլ չես երգում», ու նա պատասխանեց․ «Չգիտեմ, քաղցրիկս։ Մտածում եմ՝ գուցե այլևս չերգեմ»։ Ես էլ ասացի․ «Գժվե՞լ ես, մամ, այդ ամենից դու մեծ գումարներ ես աշխատում»,- ասել է երգչուհու որդին։

Ջեյդենը նաև պատմել է, որ ներկայում ապրում է իր հոր ՝ Քևին Ֆեդերլայնի հետ և իր մորը կտեսնի «մի քանի շաբաթ անց»:

«Ես պատրաստվում եմ այցելել նրան մի քանի շաբաթ անց, քանի որ հիմա հորս հետ եմ»,- ասել է նա։ Դեռահասը պնդել է, որ իր հայրը չի բարկանա ուղիղ եթերում ասած խոսքերի համար։ «Նա աշխարհի լավագույն հայրն է։ Բառացիորեն՝ Հիսուսն է»,- ասել է տղան: