«Գիշերը կիսամերկ պարում էինք -13 ջերմաստիճանի ժամանակ»․ Ինգրիտ Կոկչյանը ՝ «Oldnew» ֆիլմի հետաքրքիր մանրամասների մասին

Ինգրիտ Կոկչյանը երկար լռությունից հետո վերադարձել է. գեղեցկուհին, ով արդեն տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին, ստանձնել է «Oldnew» ֆիլմի գլխավոր դերերից մեկը. կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել է օրեր առաջ։ Ֆիլմը մոտակա ժամանակներում չի հայտնվի հեռուստաէկրաններին, որովհետև պատրաստվում է անցնել փառատոնային ուղի։ Գլխավոր դերերում Ինգրիտ Կոկչյանի հետ միասին Սաթենիկ Հազարյանն է։

«Առհասարակ ֆիլմերում չեմ նկարահանվում, որովհետև ինձ ոչինչ դուր չի գալիս հայկական արտադրանքից։ Չնայած ոչ թե ոչինչ, այլ այն ինչ տեսել եմ, ինձ դուր չի եկել։ Իսկ այս ֆիլմին ես սիրահարվեցի»,- Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է Ինգրիտ Կոկչյանը։

Ինգրիտի խոսքով՝ ռեժիսորի հետ իր համագործակցությունը ստացվել է շատ պատահական։
«Փնտրում էին «երազանքի աղջիկ»։ Այնպես ստացվեց, որ սցենարը կարդալուց հետո թիթեռնիկներ հայտնվեցին փորիկումս։ Այնքան ինձ դուր եկավ սցենարը՝ ասես տղամարդու նկատմամբ սիրահարվածություն լիներ, միանգամից համաձայնվեցի»,-պատմում է դերասանուհին։

Ընդ որում, Կոկչյանն անցել է լուրջ քասթինգ, որը բաղկացած է եղել մի քանի փուլից։ Բայց հենց սկզբից էլ թե՛ ռեժիորն է հասկացել, որ գտել է իր հերոսուհուն, թե՛ Ինգրիտն է գիտակցել, որ շատ է ցանկանում լինել հենց այդ ֆիլմում։

«Ֆիլմը կնոջ ինքնագիտակցման և ընտրության մասին է։ Նա պետք է որոշի՝ ընտրել հինը, թե՞ նորը։ Հնում նա ընկճված էր իր ցանկություններում, իր իրավունքներում ու հնարավորություններում։ Հիմա նա ներքին կոնֆլիկտի մեջ է և փորձում է փնտրել ճշմարիտ ուղին՝ իր ուղին։ Չկարողանալով օգնություն գտնել արտաքին աշխարհում՝ նա սկսում է  փնտրել բոլոր հարցերի պատասխաններն իր ներսում»,- ֆիլմի մասին պատմում է Ինգրիտն ու խոսում իր կերպարի մասին․ «Իմ կերպարն ինչ-որ պահի է ի հայտ գալիս։ Նրա առաքելությունն է օգնել հերոսուհուն ինքնագիտակցման գալ, վերլուծել հինը և նորը»։

 

Ինգրիտը պատմում է, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են 1 տարի։ Անգամ Փարիզից խոսքի վարպետության մասնագետ են հյուրընկալել, ով դերասանուհիների հետ վերլուծում էր սցենարի ամեն բառը «Սա այն սցենարներից է, որտեղ հենց այնպես բան չկա, ամբողջը մի կոլաժ է, որտեղ ամեն բառը իմաստային մի քանի տարբերակ ունի»,- պատմում է Ինգրիտն ու հավելում, որ այս ամենի վրա աշխատելով 1 տարի՝ նրանք շատ արագ կարողացան նկարահանել ֆիլմը։

Ինգրիտը կիսվում է, որ աշխատել են չափազանց ծանր պայմաններում։
«Ֆիլմում կա մի պարի տեսարան, որը նկարահանվել է գիշերը 3։00-ին, -13 ջերմաստիճանի ժամանակ։ Մենք կիսամերկ պարում էինք ու նկարահանումները տևել են 2-3 ժամ»,- հիշում է Ինգրիտն ու միևնույն ժամանակ հավատացնում, որ դա արվում էր մեծագույն հաճույքով։

Իսկ իր ապագա ծրագրերի մասին Ինգրիտը չցանկացավ վաղ խոսել, սակայն խոստովանեց, որ հիմա գիտի՝ ինչպես օգնել նոր սերունդներին և հենց այդ գծով է նա պատրաստվում գործունեություն ծավալել։
«Սիրում եմ անել մի բան, որով օգուտ կտամ մյուսներին, ոչ թե անել մի բան, որից հաճույք կստանաս ինքդ ու կփակվես ներսումդ»,- եզրափակեց իր խոսքը Ինգրիտ Կոկչյանը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան