«Միսս Բոստոն-2020»-ը՝ գեղեցկության մրցույթում իր հաղթանակի և հայ լինելու մասին

«Միսս Բոստոն-2020» Քրիստինա Այանյանը պատմել է գեղեցկության մրցույթում իր հաղթանակի, կյանքում ունեցած իր հաջողությունների և հայ լինելու մասին։

«Ամերիկայի ձայնին» գեղեցկուհին պատմել է, որ ծնողները Հայաստանից ԱՄՆ տեղափոխվել են 27 տարի առաջ: Նա գեղեցկության մրցույթների մասնակցում է 8 տարեկանից: Նա դարձել է առաջին հայուհին, որը երբևէ արժանացել է «Միսս Բոստոն» տիտղոսին: Գեղեցկուհին նաև լավ է տիրապետում իր մայրենի լեզվին։

«Ես ավարտել եմ հայկական դպրոց, և իմ կյանքը լի է հայկական արժեքներով: Հայերենը ամենակարևոր ցուցիչն է այն բանի, որ դու քեզ զգաս հայ, իմանաս քո ազգի պատմությունը: Տանը և ընկերներիս հետ ես միշտ հայերեն եմ խոսում, իսկ Բոստոնում հայկական համայնքը բավական միասնական է»։

Աղջիկը նաև ասել է, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում, վերջին անգամ՝ 2019-ին` Համահայկական խաղերի ժամանակ: Նա աշխատում է որպես վերլուծաբան ֆոնդային բորսայում, նաև Բոստոնի Armenian Weekly հրատարակության թղթակիցն է:

Նա շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բոլոր բարի խոսքերի համար և խոստովանել, որ շատ է սիրում Հայաստանը և հայերին։