«Սիրելու համար պետք է կարողանալ ներել». Իրինա Հարությունյանը՝ սկզբունքների, մայր լինելու դժվարությունների և անհաջողությունները հաղթահարելու մասին

Showbiz.am – ը կանանց միամսյակին նվիրված հարցազրույցների շարքում զրուցում է հայտնի և սիրված կանանց հետ: Այս զրույցները տալիս են հայտնի կանանց ավելի լավ ճանաչելու և շատ կարևոր հարցերի շուրջ նրանց կարծիքն իմանալու հնարավորություն: Այս անգամ զրուցել ենք կինոյի և թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանի հետ:

Առհասարակ կարծում եմ, որ իդեալական մարդիկ չկան, բայց մանկությունից մնացած հուշերում իդեալական կնոջ կերպարն ինձ մոտ ասոցացվում էր մորական տատիկիս հետ։ Նա շատ ուժեղ կին է եղել, լավ մայր ու երբեք չի հուսահատվել, կյանքի բոլոր դժվարությունները փորձում էր հաղթահարել առանց վհատվելու և դժգոհելու։ Նրան բնորոշ չէր անտեղի հուզվելն ու լաց լինելը։ Ինձ միշտ զարմացրել է նրա վճռականությունը։

Ինձ բոլորից լավ ճանաչում են  իմ ընտանիքի անդամներն ու հարազատները:

Երբ զայրացած եմ, ինձ կարող եմ օգնել միան ես, և երևի այդ պահին կօգնի մեկ ծխախոտն ու սուրճը։

Իմ կյանքի գլխավոր մարդիկ  իմ տղաներն են և իմ ամուսինը՝ իմ ընտանիքը։

Իմ սկզբունքն է  ասել ու լսել նույնիսկ դառը ու դաժան ճշմարտությունը։ Շատ ճշտախոս մարդ եմ ու ցանկացած պարագայում գերադասում եմ ամեն ինչ ասել դիմացինիս՝ ինչպես որ կա, և նույնն էլ պահաջում եմ իմ հանդեպ։

Երբեք չեմ ափսոսում իմ արած քայլերի համար։ Ավելի լավ է անել մի բան ու զղջալ դրա համար, քան չանել ու միշտ ափսոսալ։

Ամենից շատ ինձ երջանկացնում են  իմ երեխաների հաջողությունները։ Մեծ որդիս արդեն ավարտում է դպրոցը ու սկսում կյանքի նոր փուլ, փոքր տղաս դեռ մեծանում է ու նրան առջևում սպասվում են բոլոր այն շեմերը, որն անցել է ավագ որդիս։

Մայր լինելու ամենաբարդ կողմն  այն է, որ փորձում ես շատ ժամանակ տրամադրել երեխաներիդ, բայց չես կարողանում։ Դա իսկապես շատ մեծ բարդություն է աշխատող կնոջ համար, մանավանդ իմ ոլորտում, քանի որ միշտ մի կողմը տուժում է մյուսի հաշվին։ Եթե ամբողջ ժամանակդ տրամադրես երեխաներիդ, բնականաբար, կտուժի աշխատանքդ, և հակառակը։ Այդ իսկ պատճառով էլ միշտ ասում եմ, որ ժամանակն ինձ պարզապես չի հերիքում։

Սիրելու համար պետք է կարողանալ  ներել։ Պետք է կարողանալ ներողամիտ լինել և, որ քեզ էլ սիրեն ու ներեն։

Միշտ պետք է հիշել, որ կյանքը բումերանգ է, և յուրաքանչյուրն էլ իր վատ արարքների համար մի օր պատասխան կտա։ Ես հավատում եմ, որ բոլորս մի օր պետք է պատասխան տանք Աստծո առաջ։

Հաջողությունն ինձ համար  իմ մտերիմների առողջ լիելն է։ Որովհետև եթե մարդն առողջ է, ապա ցանկացած բարձունք հաղթահարելի է. չէ՞ որ ամեն դժվարություն էլ մարդու համար է։ Եթե չլինի առոջություն, ապա չի լինի նպատակների իրականացում և չեն լինի հաջողություններ։

Ամենից շատ վախենում եմ  աղետներից, քանի որ այդտեղ մարդկային գործոնը ոչ մի նշանակություն չունի։ Շատ եմ վախենում, երբ տեսնում կամ լսում եմ, որ մարդիկ տուժում կամ մահանում են բնական աղետների կամ դժբախտ պատահարների պատճառով։ Շատ ծանր եմ տանում, երբ մարդիկ կորցնում են իրենց մտերիմներին այդպիսի հանգամանքներում կամ պատահական ախտորոշված ծանր հիվանդությունների պատճառով։ Ըստ իս բնությանը հակառակ է, երբ մարդը ապրելով իր կյանքը չի հասնում ծերության տարիքին ու մահանում է ոչ թե ծերությունից, այլ հիվանդությունից։ Ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին։

Իմ կյանքում ունեցել եմ հիասթափություններ, բայց բարեբախտաբար դրանք այնքան էլ մեծ անդրադարձ չեն ունեցել իմ կյանքի ընթացքի վրա ու հուսով եմ այնպիսի մեծ հիասթափություն չեմ էլ ունենա, որ խոսեմ այդ մասին։ Ես կյանքում շատ դժվարություններ եմ հաղթահարել ու կարծում եմ, որ որոշ չափով կորցրել եմ հիասթափություն ապրելու ունակությունը։

Երբ դեռ փոքրիկ աղջնակ էի, երազում էի  դերասանուհի դառնալ։ Մեկ այլ երազանք ևս ունեի՝ պարաշյուտով թռնելու, բայց երբ ինձ հնարավորություն ընձեռնվեց այն իրագործելու, այդ պահին չկարողացա հաղթահարել ջրից ու բարձրությունից վախերը։ Ունեմ այդպիսի մի քանի ֆոբիաներ (ծիծաղում է):

Եթե իմ կյանքը ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր՝ «Ես ամեն ինչ կհաղթահարեմ» կամ այդ տեսակ մի բան։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան