Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը հերքել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ լուրը, որը երեքշաբթի մեծ իրարանցում էր առաջացրել Twitter-ում, գրում է Daily Mail-ը:
Հարի Փոթերի 30-ամյա դերակատարը երեքշաբթի դարձել է ապատեղեկատվության զոհ. Twitter-ում BBC-ի կեղծ էջը տարածել էր նյութ, որը ժամերի ընթացքում մեծ արձագանք էր գտել օգտատերերի շրջանում:
«Հրատապ լուր: Դենիել Ռեդքլիֆի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Դերասանը առաջին հանրային մարդն է, որի մոտ պաշտոնապես հաստատվել է վարակը»,- գրված է եղել կեղծ հրապարակման մեջ:
Ավելի ուշ դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հաղորդվում է, որ BBC-ի կեղծ օգտահաշիվն արգելափակվել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:
Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը: