«LVMH» ընկերությունը սկսել է հակասեպտիկ ալկոգելերի արտադրություն Ֆրանսիայի իր երեք գործարաններում: «Christian Dior»-ի, «Guerlain»-ի և «Givenchy»-ի օծանելիքներն ու կոսմետիկ միջոցները նույնպես նրանց շնորհիվ են թողարկվել։ Ընկերության տնօրինության հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 15-ից այդ բոլոր հոսքագծերը կվերափոխվեն և կհարմարեցվեն նոր արտադրանքի ստեղծմանը:
«Ընկերությունը կօգտագործի իր օծանելիքի և կոսմետիկ ապրանքանիշերի արտադրական հոսաքագծերը` երկուշաբթիից մեծ քանակությամբ ալկոհոլային գելեր արտադրելու համար, որոնք անվճար կհանձնվեն առողջապահական մարմիններին» – ասվում է «LVMH» հայտարարության մեջ:
Ինչպես «Cnews»-ին հաղորդել է «LVMH» ընկերությունը, գելերը անվճար կհանձնվեն Փարիզի 40 հիվանդանոցների: Առաջին շաբաթվա ընթացքում ընկերությունը նախատեսում է թողարկել 12 տոննա հակասեպտիկ գել, այնուհետև դրա թողարկումը կավելանա: Փարիզի հիվանդանոցների ասոցիացիան շնորհակալություն է հայտնել «LVMH» ընկերությանը՝ արագ արձագանքման համար: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ֆրանսիայում աճել է պաշտպանիչ միջոցների պահանջարկը։ Ֆրանսիայում ավելի քան 120 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5400-ը: