«Գահերի խաղը» սերիալի աստղը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսով վարակված հայտնիների շարքը շարունակում է համալրվել նոր անուններով։ «Գահերի խաղը» սերիալի աստղ Քրիստոֆեր Հիվյուն, ով նախագծում կատարում էր Թորմունդի դերը վարակվել է կորոնավիրուսով։
Ինստագրամյան հետևորդներին դերասանը ժամեր առաջ խոստովանել է, որ իր մոտ կորոնավիրուս են ախտորոշել և խորհուրդ է տվել բոլորին զգոն լինել ու զգույշ, որպեսզի չվարակվեն ու չվարակեն։

«Բարև Նորվեգիայից, ցավոք սրտի կորոնավիրուսի համար հանձնած իմ թեստի պատասխանը դրական է։ Ես և իմ ընտանիքը որոշել ենք մեկուսանալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք լավ ենք մեզ զգում, ինձ մոտ մրսածության ախտանշաններ են միայն, սակայն կան մարդիկ, որոնց համար այս ախտորոշումը կարող է կործանարար լինել։ Դրա համար բոլորին խորհուրդ եմ տալիս լինել զգույշ․ հաճախ լվալ ձեռքերը, միմյանցից լինել 1,5 մետր հեռավորության վրա, մնալ կարանտինի մեջ ու ամեն ինչ անել, որպեսզի վիրուսը դադարի տարածվել։ Խնդրում եմ հոգ տարեք միմյանց մասին ու եղեք առողջ»,-ասել է 41-ամյա դերասանը` հրապարակելով լուսանկար կնոջ հետ։

Օրեր առաջ իր ախտորոշման մասին խոստովանեց դերասան Թոմ Հենքսը, դերասանուհի Օլգա Կուրիլենկոն, իսկ ժամեր առաջ պարզ է դարձել, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև 47-ամյա բրիտանացի դերասան Իդրիս Ալբայի մոտ, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Մեր միջև լեռներ են», «Թորը», «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերի շնորհիվ։