Բոնոն կորոնավիրուսի մասին երգ է գրել ու այն Իտալիային նվիրել

U2 իռլանդական հայտնի ռոք խմբի մենակատար Բոնոն կորոնավիրուսի բռնկման ֆոնին Իտալիային նվիրված երգ է գրել: Հետաքրքրական է, որ սա Բոնոյի՝ 2017 թվականից ի վեր առաջին գրած երգն է, որի ստեղծման հարցում նրան ոգեշնչել են կարանտինային պայմաններում պատշգամբներից ելույթ ունեցող իտալացիները, գրում է The Guardian-ը։

Նա իր նոր՝ «Սերդ պատմիր ամբողջ աշխարհին» երգը հրապարակել է Instagram-ում՝ հետևյալ գրառմամբ․ «Բոլոր իտալացիների համար, որոնք ինձ ոգեշնչել են երգի ստեղծման հարցում, և բոլոր իռլանդացիների համար: Բոլոր նրանց համար, ովքեր Սուրբ Պատրիկի օրը գտնվում են ծանր վիճակում, բայց երեգելու ուժ են գտնում։ Առաջնագծում մարտնչող բոլոր բժիշկների և բուժքույրերի համար, մենք ձեզ համար ենք երգում»։

Երգի տեքստում Բոնոն պատմում է, որ քայլում է ամայացած Դուբլինով և խոսում է կորոնավիրուսի բռնկման շրջանում մեկուսացման և վախի մասին:

«Դու չես կարող դիպչել, բայց կարող ես երգել տանիքներից,  երգի՛ր ինձ համար հեռախոսով, երգի՛ր և խոստացիր ինձ, որ դու կանգ չես առնի, երգի՛ր և դու երբեք մենակ չես լինի»,- ասվում է երգի տեքստում։
U2-ի վերջին ալբոմը՝ Songs of Experience-ն էր, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերին։