Դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից

Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան Թվիթերում տեսաուղերձով դիմել էր իր երկրպագուներին՝ հայտնելով, որ COVID-19-ի իր թեստը դրական պատասխան է տվել։ Դերասանը նաև ակնարկել է, որ կարող է վարակված լինել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջից՝ Սոֆի Թրյուդոյից, գրում է Daily Mail-ը։

Իր ուղերձում 47-ամյա դերասանը հայտնել է, որ մարտի 4-ին հայտնի է դարձել, որ շփում է ունեցել կորոնավիրուսի վարակակրի հետ։ Հիշյալ օրը դերասանը Ուեմբլիում We Day UK խորագրով բարեգործական միջոցառման ժամանակ հանդիպել և լուսանկարվել է Սոֆի Թրյուդոյի հետ։

Իր տեսաուղերձում դերասանը, մասնավորապես, նշել է․ «Չգիտեմ՝ ինչpես է վարակն ինձ փոխանցվել, բայց կարող եմ ասել, որ այն փոխանցվել է մարտի 4-ին»։

«Այսօր առավոտյան ես կորոնավիրուսի վերաբերյալ վերլուծությունների արդյունքներն եմ ստացել, և պատասխանը դրական է։ Ես ինձ լավ եմ զգում, դեռևս ոչ մի ախտանիշ չունեմ, բայց իմանալուն պես ինքնամեկուսացվել եմ», – ասել է Էլբան:

Էլբային տեսանյութում միացել է նրա կինը՝ մոդել Սաբրինա Դաուրեն, որը դեռ չի անցել թեստավորումը, բայց նույնպես իրեն լավ է զգում, վստահեցրել է դերասանը։

«Լսեք, սա շատ լուրջ է։ Հիմա ճիշտ ժամանակն է լրջորեն մտածել սոցիալական հեռավորության մասին, ձեռքերը լվանալու մասին։ Բացի այդ, կան մարդիկ, որոնք ախտանիշներ չեն ունենում, և վարակը կարող է հեշտությամբ տարածվել, այնպես որ հիմա ճիշտ ժամանակն է զգոնություն ցուցաբերելու համար։ Մենք ապրում ենք պառակտված աշխարհում։ Հիմա համերաշխության ժամանակն է, միմյանց մասին մտածելու ժամանակը»,- հավելել է դերասանը։