Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանն այժմ նկարահանվում է Ելենա Արշակյանի «Սիրուն Սոնա» նոր հեռուստասերիալում։ Դերասանուհին միաժամանակ խաղում է նաև Համազգային թատրոնում, որը սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես և մյուս թատրոնները, ժամանակավորապես փակ է։
ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, քննարկել իր նոր սերիալային դերը, խոսել թատրոն-կինո աշխարհների և իր նոր ինքնատիպ ֆոտոշարքի մասին։ Ինչպես նաև չենք մոռացել, մեկամսյակի շրջանակներից ելնելով, անդրադառնալ դերասանուհու հիշարժան նվերներին ու փորձել հասկանալ, թե որն է դերասանուհու համար կանացի երջանկության բանաձևը։
Ժաննային հեռուստադիտողը ճանաչեց և սիրեց «Էլենի օրագիրը» սերիալից, որտեղ դերասանուհին մարմնավորում էր Աննային, այս անգամ հեռուստադիտողը Ժաննայի խաղին հետևում է արդեն Մարիամի կերպարում։ «Կերպարս` Մարիամը, գյուղում ապրած ու մեծացած աղջիկ է: Մի քիչ միամիտ է և շատ հեշտ կարող է խաբնվել սրա-նրա խոսքերին, բայց բարի սիրտ ունի։ Պահի ազդեցության տակ կարող է անգիտակցաբար սխալ քայլ անել, բայց հետո հասկանում է և իրավիճակին կարողանում է օբյեկտիվ նայել»,- պատմում է դերասանուհին և շարունակում,-«Կստեմ, եթե ասեմ, որ դերն ամողջությամբ «մարսել» եմ: Առհասարակ կարծում եմ, որ բազմասերիանոց սերիալում խաղալով չես կարող դերդ ամբողջությամբ մարսել: Ամեն նոր սցենարի ու իրավիճակի հետ փոփոխվում է նաև կերպարդ: Պետք է կարողանաս զգոն գտնվել, որպեսզի գոնե կերպարիդ առանցքային գծերը չկորցնես»:
Ժաննան զրույցի ընթացքում նաև փորձում է հիշել իր և իր կերտած կերպարի՝ նման ու տարբեր բնավորության գծերի մասին․ «Ես ու Մարիամը շատ տարբեր ենք: Տարբեր ենք մտածում, տարբեր իրավիճակներում տարբեր դրսևորվում: Հերոսուհիս ինձ նույնիսկ մեկ-մեկ նյարդայնացնում է իր չմտածված քայլերով»։
Դերասանները նոր նախագծերում նկարահանվելիս մի շարք գործոնների են ուշադրություն դարձնում, մենք էլ մեր հերթին փորձեցին պարզել, թե արդյո՞ք Ժաննան նախևառաջ կարևորում է այն կերպարը, որը մարմնավորելու է, թե՞ ուշադրություն է դարձնում սերիալի որակին ու ռեյտինգին։ «Երբ ստանում ես առաջարկ, այդ ժամանակ ոչ ոք չգիտի արդյո՞ք սերիալը կսիրվի, արդյո՞ք կդառնա բավականաչափ ռեյտինգային: Հետևաբար ուշադրություն եմ դարձնում կերպարին: Ինչ-որ բանով այն պետք է անպայման կպնի սրտիս»,- ասում է Ժաննան:
Ժաննան նաև հայտնում է, որ ցանկություն ունի նկարահանվելու նոր գեղարվեստական ֆիլմերում․ «Ցանկություն միշտ կա, պլաններում ևս կա, բայց դա 50%-ով է կախված ինձնից: Ես չեմ կարող միայնակ որոշել ու պլանավորել, որ պետք է նկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում: Պետք է համապատասխանեմ որևէ դերի, առաջարկ ստանամ և նկարահանվեմ»:
Թատրոնն ու հեռուստատեսությունը իրարից ծայրահեղ տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար նման ու լրացնող աշխարհներ են․ դերասանուհին նաև անդրադարձավ այս հարցին․ «Այո, տարբեր են, չեմ ժխտում: Այն, ինչ անում ես տեսախցիկի առջև, չես կարող անել թատրոնում, և այն, ինչ անում ես թատրոնում, տեսախցիկը պարզապես «չի ընդունում» ( բացառություններ իհարկե կան)»:
Ժաննան օրերս ներկայացավ նոր ֆոտոշարքով, որը տեղ է գտել նաև մեր այսօրվա նյութում։ «Նոր ֆոտոշարքի գաղափարը իմն է: Այն ստեղծվել է լուսանկարչի` Միլեն Մանուկյանի հետ համատեղ քննարկման արդյունքում: Ես ուզում էի ստանալ «ժուռնալի աղջիկ»՝ ստացանք : Այն կարող եմ դասել իմ ստացված ֆոտոշարքերի թվին»,- կիսվում է դերասանուհին։
Իսկ կանանց տոներին ստացած իր ամենահիշարժան նվերի մասին խոսելիս Ժաննան նշում է․ «Այս պահին չեմ մտաբերում: Կարծում եմ այն դեռ առջևում է»։
«Կարծում եմ կինը պետք է խաղաղ և ներդաշնակ լինի իր հետ: Ներքին խաղաղության ու ներդաշնակության պարագայում կինն իրեն երջանիկ է զգում: Սա զուտ կարծիք է և ոչ թե բանաձև»,- եզրափակում է Ժաննա Վելիցյանը։
Հեղինակ՝ Լուս Ավագյան