ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է երգիչ Քենի Ռոջերսը

ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր Քենի Ռոջերսը, հայտնում է The Guardian պարբերականը։

Այսօր առավոտյան երգչի ներկայացուցչի տարածած հայտարարությունից հայտնի է դառնում, որ նա մահացել է մարտի 20-ին, Ջորջիա նահանգի Սենդի Սփրինգս քաղաքում գտնվող իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում։

«Քենի Ռոջերսն անջնջելի հետք է թողել ամերիկյան երաժշտության պատմության մեջ․․․ Նրա երգերը սիրվել են երաժշտասերների կողմից և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հուզել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռոջերսն առավել ակտիվ գործունեություն է ծավալել 1970-1980-ական թվականներին՝ այս ընթացքում արժանանալով 3 «Գրեմմի» մրցանակի։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել 1978 թվականին լույս տեսած The Gambler երգի շնորհիվ։

Վերջինս թոշակի է անցել 2017 թվականին՝ 79 տարեկանում՝ հետևում թողնելով 60 տարվա ստեղծագործական ուղին։

Քանթրի ոճի երաժշտության ասոցիացիան իր հերթին հայտնել է, որ Ռոջերսը «հավերժական հետք է թողել քանթրի ոճի երաժշտության պատմության մեջ»։