Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել ձեզ, որ իմ՝ COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է արտիստը:

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Դոմինգոն նաև հայտնել է, որ բոլորի առողջական վիճակը նորմալ է: Նա հորդորել է լինել չափազանց զգույշ, հետևել ձեռքերը հաճախակի լվանալու ցուցումներին, պահպանել միմյանցից խելամիտ հեռավորություն, անել ամեն ինչ՝ վարակի տարածումը կասեցնելու համար:

«Միասին մենք կարող ենք պայքարել վարակի դեմ և կասեցնել համաշխարհային ճգնաժամը, այդկերպ կարող ենք վերադառնալ մեր նորմալ կյանքին շատ շուտով»,- գրել է օպերային երգիչը՝ հորդորելով հետևել իշխանությունների ցուցումներին։