Զառա Արամյանի գլխավոր երազանքը․ հաղորդավարուհու առաջին զրույցը վիրահատությունից հետո

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանը որոշ ժամանակ առաջ լուրջ վիրահատություն է տարել, և այսօր մտերիմների ու ընկերների հոգատարության ու խնամքի շնորհիվ արագ վերականգնվում է՝ երազելով հեռուստաէկրաններ վերադառնալու մասին։

Միշտ ժպիտով ու դրական Զառան չի երկնչում կյանքի դժվարություններից ու պատվով ընդունում, հաղթահարում է  յուրաքանչյուր փորձություն։
Showbiz.am կայքի հետ զրույցում Զառան խոսեց իր ամենակարևոր երազանքի մասին, որը նրա մոտ ծնվել է վիրահատությունից հետո, ինչպես նաև խոստովանեց՝ ինչը կցանկանար փոխել իր անցյալում և ինչպիսին է ինքը իրական կայնքում՝ առանց տեսախցիկների ու նկարահանող անձնակազմի։

Կյանքում ամենաերջանիկ պահը
Փառք Տիրոջը․․․ Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ այդպիսի պահեր ես շատ եմ ապրում, բայց իր էներգետիկայով, երջանկության կալորիականությամբ կառանձնացնեմ երկու երեխաներիս ծնվելու ճիչը․ շատ գեղեցիկ պահ է, երբ երեխան ծնվում է, ու անմիջապես դնում են մոր կրծքին։
Թե՛ աղջիկս, թե՛ տղաս ծնվելուն պես իրենց մայրիկից առաջինը լսել են «Հայր մերը»։ Նրանց ծնվելու պահերին ես իմ ամենամեծ երջանկությունն եմ ապրել։

Ինչպիսի՞ մայրիկ եմ ես
Տարիներ առաջ խելացի խելագար էի․ թողնում էի երեխաներին ցեխի մեջ խաղան, որովհետև ցեխից էլ էին ստանում կարևոր բաներ, երբ լոլիկը պոկում, ձեռքով սրբում և ուտում էին, չէի ընդվզում, որովհետև կուլ գնացող հողի մեջ էլ կարևոր բաներ կան։ Հիմա, երբ նրանք բավականին կայացած են, ես իրենց հետ հաճախ եմ անկեղծ խոսում, երբեք չեմ ստում, անգամ շատ վախենալու հարցերի դեպքում։
Իրենց տարիքին համարժեք եմ պատասխանում, ամեն ինչ բացատրում եմ, և հիմա ես ընկեր եմ նրանց համար։ Իմ կարծիքով դա ծնողի և երեխայի միջև ամենաճիշտ հարաբերությունների ձևն է։ Անհարմար եմ զգում անգամ նկատողություն անել, որովհետև հիմքն արդեն դրել եմ։ Հիմա միայն խորհուրդ եմ տալիս։

Երբ է կինը երջանիկ
Կինը երջանիկ է, երբ ընտանեկան եղանակը լավն է և հանդարտ, առանց փոթորիկների։
Բայց կարծում եմ երջանկությունը ոչ թե սթրեսային ինչ-որ վիճակ է, այլ խաղաղություն տանը, աշխատավայրում, հոգում։ Երբ Աստված գլխավոր տեղում է, մնացած բոլորն իրենց տեղերում են։

Կնոջ լավագույն տարիքը
Ի տարբերություն իմ ընկերուհիների, ովքեր կարողանում են երիտասարդության պատվաստումներ անել, ես առողջությանս պատճառով չեմ կարողանում դիմել նման միջամտությունների, բայց անգամ կարողանալու դեպքում՝ չէի դիմի։ Ես սիրում եմ իմ յուրաքանչյուր կնճիռը, սիրում եմ իմ տարիքի դաջվածքը, որովհետև դա իմ փորձն է, իմ անցած ուղին։
Կնոջ երջանիկ տարիքն իր ապրած ամեն օրն է։

Կնոջ իմ իդեալը
 Երկու հերոսուհի կա, ովքեր ինձ համար ուղեցույց են եղել։ Առաջինը Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» ստեղածագործության հերոսուհին էր՝ Ջուլիա Լեմբերտը, որին ես շատ նման եմ իմ տեսակով։ Ընկերուհիներս ինձ ծաղրում են՝ ասելով, որ եթե մահանամ, ապա անգամ  թաղմանս արարողությունը ես կկազմակերպեմ, այդտեղ էլ ռեժիսորություն կանեմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ իր տեղում լինի։

Երկորրդը Բարբարա Սթրեյզնդի կերպարն է՝ ծիծաղելի աղջիկը, ով կրկին միշտ ժպիտի տակ է պահում իր խնդիրները։ Անգամ փոքր տաիքում, երբ մայրս ինձ վրա բարկանում էր, ես ոչ թե լաց էի լինում, այլ ժպտում էի։ Սովորել եմ, որ անգամ ամենադժվար պահին իմ դեմքին ժպիտ պետք է լինի, և այդ ժպիտն իմ պաշտպանիչ շերտն է։

Խոհանոցն ինձ համար
Խոհանոցն ինձ համար ամեն ինչ է, անգամ երբ ունեմ տանն ինձ օգնող մաքրուհի, միևնույն է, խոհանոցը միայն իմ աշխարհն է, որովհետև յուրաքանչյուր ուտեստ, որը ես պատրաստում եմ, անում եմ մեծ սիրով ու դնում եմ դրա մեջ սիրո էներգետիկա։
Իհարկե, հիմա շատ ավելի լավ եմ ինձ զգում, երբ ինչ-որ տեղ ենք ճաշում, բայց միևնույն է, երբ գալիս ենք տուն, տան տղամարդիկ տանը մի բան պետք է ուտեն, որպեսզի կշտանան։

Խոհանոցն ինձ համար արվեստ է՝ սեր ու քնքշանք արտահայտելու միջոց։
Երբ ես ամուսնանում էի, հայրս ինձ ասաց, որ պետք է այնպես անեմ, որ ամուսինս վերջին 3 աստիճանը վազելով գա տուն․ այսինքն՝ տանը միշտ պետք է լինեն անուշ բույրեր ու համեղ ուտեստներ։

Տղամարդու գլխավոր արժանիքը
Երբ 18 տարի առաջ ես համաձայնեցի ամուսանալ մի տղամարդու հետ, ով մեծ էր ինձնից 13 տարով և ուներ արդեն բավականին մեծ որդի, ինձ բոլորը հարցնում էին, թե ինչով է նա ինձ գերել։
Ես պատասխանում էի, որ ամուսինս՝ Արտաշեսը, կարողանում է ինձ միշտ ծիծաղեցնել։
Տղամարդը պետք է լինի հումորի զգացումով, բարի, խելացի, և ինչպես սկեսրայրս է ասում՝ տան տղամարդը պետք է լինի և՛ տան գերին, և՛ տան թագավորը։

Ամենակարևոր խորհուրդն իմ կյանքի
Երջանկահիշատակ հայրս՝ Ֆելիքս Արամյանը, շատ իմաստուն մարդ էր, փառահեղ ճանապարհ էր անցել և շատ հետաքրքիր մարդկանց հետ էր շփվել իր կյանքում։ Նրա շնորհիվ ես էլ եմ ունեցել հնարավորություն շփվել և՛ Պերճ Զեյթունցյանի, և՛ Վարգես Պետրոսյանի, և՛ Միխայիլ Ուլյանովի, և՛ Էլինա Բիստրիցկայայի և շատ այլ հայտնի մարդկանց հետ։

Հայրս ինձ միշտ շատ լավ խորհուրդներ էր տալիս, որոնք տարիքի հետ ավելի եմ գնահատում ու հաճախ եմ հիշում։
Երբ դեռ երեխա էի, ձեռքիցս բռնած բերեց եկեղեցի, սովորեցրեց «Հայր մերը», ձեռքերիս մեջ դրեց Աստվածաշունչը և բացեց ինձ համար երաժշտության, արվեստի աշխարհը։

Ինքն ինձ միշտ սովորեցրել է, որ դժվար պահերին ուժ է տալիս ներքին երջանկությունը։ Եվ նույնը ես հիմա սովորեցնում եմ իմ երեխաներին։

Չարախոսություն, որն իմ մեջ տպավորվել է
Երբ ես արժանացա Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, մի քանի հոգի զարմացան՝ մտածելով, թե «Մեր բակ»-ի Զառան ինչ է արել, որ հասել է այս ամենին։ Նրանք չգիտեին իմ անցած ողջ ճանապարհի մասին։

Հանրային ռադիոյի ֆոնդում մի քանի տասնյակ հաղորդումներ ունեմ, 16 տարի ղեկավարել եմ այդ հաղորդումները, դասավանդել եմ, այսօր շատ ճանաչված լրագրողներ իմ սաներն են եղել։
Մի պահ «Մեր բակ»-ում կերտածս դերն ինձ խանգարեց իմ իսկ կերպարի ճիշտ ընկալման հարցում։
Սակայն պետք է հիշել, որ երբ Աստված քեզ հետ է, ապա ինչ տարբերություն՝ ով է դեմ։ Սա իմ սկզբունքն է։

Եթե ժամանակը կարողանայի հետ տալ, ապա կա մի բան, որը կփոխեի․․․
Մի շրջան կար, երբ ես ֆինանսապես շատ լավ վիճակում էի, լավ եկամուտ ունեի, ու հիմա ես մտածու եմ՝ որքան ճիշտ կլիներ, եթե ես խելացի կերպով կարողանայի այդ գումարները տնտեսել։ Բայց ավաղ․․․

Եթե կարողանայի իմ այժմյան փոձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Զառա Արամյանին, ապա նրան ուղղված նամակում կգրեի․․․
Ես պետք է անցնեի իմ ճանապարհը այն նույն փորձություններով, սխալներով, որոնց մեջ ես հղկվել եմ, մերթընդմերթ դաղվել եմ, գտել եմ դաղվելու պատճառներն ու դարձել եմ այն, ինչ հիմա կամ։
Ոչինչ չէի գրի ու կանցնեի նույն ճանապարհով։

Իմ ամենամեծ երազանքը
Գաղտնիք ասեմ․ քանզի վերջին շրջանում առողջական խնդիրներն իրար հետևից ինձ նեղացնում են, երազում եմ տեսնել ու պահել թոռնիկներիս։
Երբ տեսնում եմ, որ ընկերուհիներս թոռնիկներ ունեն, մտքումս խնդրում եմ Աստծուն, որ թե՛ տղայիս, թե՛ աղջկաս բալիկներին տեսնեմ, պահեմ, իրենցով երջանկանամ։
Միշտ չեմ հասկացել ընկերուհիներիս համով մոլուցքը՝ պատեհ ու անպատեհ ցույց տալ իրենց թոռների նկարները․ հիմա խնդրում եմ Աստծուն, որ ինձ պարգևի այդ երջանկությունը, և ես հասկանամ, թե դա ինչ է ու ես էլ ցույց տամ այդ նկարներն ընկերուհիներիս։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան