«Հենց հայ կնոջ կերպարն է ինձ համար իդեալական»․ Ալլա Լևոնյանը՝ հաջողությունների, վախերի և իդեալական կնոջ կերպարի մասին

Քանի որ ստեղծված տագնապային իրավիճակում շատ կարևոր է պահպանել դրական տրամադրությունը, Showbiz.am-ը շարունակում է կանանց միամսյակի շրջանակներում արվող հարցազրույցների շարքը և ամեն անգամ ձեր ուշադրությանը ներկայացնում սիրված ու ճանաչված կանանց՝ ներկայացնելով նրանց այլ և հանդիսատեսին ոչ այնքան հայտնի տեսանկյուններից։ Մեր այսօրվա հերոսուհին սիրված երգչուհի Ալլա Լևոնյանն է։

 

– Հիշու՞մ եք, թե երբ եք առաջին անգամ ծաղիկներ նվեր ստացել և ումի՞ց: Առհասարակ սիրու՞մ եք ծաղիկներ ստանալ:

– Հիմա հստակ չեմ կարող հիշել, թե դա երբ էր, միգուցե դպրոցական տարիքում։ Ծաղիկներն իմ կյանքում բազմաթիվ են եղել։ Երգչուհին միշտ է ծաղիկներ ստանում՝ թե՛ համերգներին, թե՛ համերգներից դուրս, թե՛ ուղղակի փողոցում։ Ծաղիկներ շատ եմ սիրում, հատկապես դաշտային ծաղիկներ և յասաման։

– Ո՞վ է Ձեզ ամենից լավ ճանաչում:

– Կարծում եմ ինձ կյանքում ամենալավը ճանաչում և հասկանում են մայրս և ամուսինս։

– Ու՞մ հետ է Ձեզ մոտ ասոցացվում իդեալական կնոջ կերպարը:

– Մեկին չեմ կարող առանձնացնել, եթե անհամեստություն չի հնչի՝ կասեի մորս։ Բայց ընդհանրապես հենց հայ կնոջ կերպարն է ինձ համար իդեալական՝ իր նվիրվածությամբ երեխաներին, իր դաստիարակությամբ, իր կեցվածքով, չարչարանքները, դժվարություններն ու հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորությունը հաղթահարելու իր կարողությամբ։

– Ու՞մ եք առաջինը դիմում, երբ խորհրդի կամ օգնության կարիք ունեք:

– Երբ խորհրդի կարիք եմ ունենում առաջինն, իհարկե, ամուսնուս եմ դիմում։

– Դժվար է արդյո՞ք լինել բազմազավակ մայր և սիրված ու պահանջված երգչուհի: Ինչպե՞ս պահել մայր և արտիստ լինելու հավասաարակշռությունը:

– Դժվար է միաժամանակ պահել երկու կարգավիճակները՝ հայտնի լինելու փաստն ու բազմազավակ մայր լինելու փաստը։ Բայց, փառք Աստծո, ես դա հաղթահարել եմ, ինձ համար դրանք անբաժանելի են և իրար զուգահեռ են ընթանում։ Պետք է կարողանաս պահել այդ հավասարակշռությունն ու այնքան խելացի գտնվես, որպեսզի թույլ չտաս, որ մեկը մյուսին վնասի։

– Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու գրավականը:

– Ինչպես հայերս սիրում ենք ասել՝ մի քիչ ճակատագրի ու բախտի գործոնն էլ կա, բայց հնարավոր է նաև, որ այդ երկուսն ունենաս ու չկարողանաս պահել այդ ամենը։ Երջանիկ ընտանիք ունենալու համար առաջնահերթ պետք է այդ ընտանիքում լինի սեր, փոխըմբռնում ամուսինների ու երեխաների միջև։ Դժվարութուններն անխուսափելի են, ես չեմ հավատում, որ կա այնպիսի ընտանիք, որտեղ ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինում, գոնե ժամանակ առ ժամանակ։ Բայց դա կյանքն է, կյանքն էլ պայքար է ու պետք է ամեն մեկը փորձի մնալ իր տեղում և առաջինը օգտակար լինի ընտանիքի անդամներին, չվնասի ու չսասանի ընտանեկան որևէ սյուն։ Պետք է հավատարիմ լինել, մաքրակենցաղ, խելացի և միմյանց նվիրված։

– Ինչը՞ երբևէ չեք կարողանա ներել:

– Չգիտեմ, թե ինչը չեմ կարող ներել, չի եղել այդպիսի իրավիճակ։ Աստված չանի, որ լինի այդպիսի պահ, բայց չեմ էլ ասի, որ այնպիսի մարդ եմ, որը պատրաստ է ներել ամեն-ամեն ինչ՝ սուտ կլինի։ Բայց այդ իրավիճակը դեռ չի եղել, որ հասկանամ, թե ինչը կներեմ, ինչը՝ ոչ։

– Կպատմե՞ք Ձեր կյանքի ամենաերջանիկ օրվա մասին:

– Կյանքի ընդամենը մեկ երջանիկ օր նշելը սխալ կլինի, քանի որ ժամանակ առ ժամանակ կյանքի ընթացքում լինում են շատ երջանիկ պահեր, հետո չեն լինում, հետո նորից են լինում։ Ինձ համար երջակություն ու բերկրանք էր այն սերը, որ զգացել եմ ամուսնուս հանդիպելիս, հետո յուրաքանչյուր երեխայիս ծնունդը, իսկ այդ ամենից առաջ լավ մանկությունս և բոլոր այն հաջողությունները, որոնք ունեցել եմ, իմ առաջին հաղթանակը «Բոհեմ» մրցույթում՝ իմ գրած «Օտարական» երգով։ Յուրաքանչյուր մենահամերգ, որտեղ հազարավոր մարդիկ կան ու դու տեսնում ես նրանց ժպիտները, ուրախությամբ և թախիծով լցված աչքերը՝ այդ ամենը երջանիկ պահեր են։ Իմ կյանքն ինձ համար արդեն երջանկություն է։

– Ըստ Ձեզ հաջողությունը պատահականությու՞ն է, թե՞ տքնաջան աշխատանքի արդյունք:

– Բավականին դժվար և տքնաջան աշխատանք ու երկար ճանապարհ է հաջողությունը։ Այդ ճանապարհին եղել են անկումային պահեր։ Հաջողությունն ամենևին էլ պատահականություն չէ, և ամեն մարդ ստանում է այն ամենն ինչին արժանացել է։ Հեշտ չէ դժվարությունները հարթելով անցնել այդ ուղին ու հասնել քո իղձերի կատարմանը։ Բայց բարդությունները հաղթահարելով, ավելի ես գնահատում այն, ինչին հասել ես և ունես, քան այն ժամանակ, երբ սկուտեղի վրա ամեն ինչ մատուցում են քեզ։ Ինձ որևէ բան սկուտեղի վրա չի տրվել, և այն ամենն ինչ ես հիմա ունեմ՝ իմ դժվար ճանապարհի և հաղթանակների արդյունքն է։

– Ինչի՞ց եք ամենից շատ վախենում:

– Եթե ուղիղ իմաստով խոսեմ ֆոբիաների մասին, ապա վախենում եմ կարիճներից։ Մարդիկ կան, որոնք ֆոբիաներ ունեն, օրինակ, մթությունից, կամ փակ տարածություններից և այլն, իսկ ես վախենում եմ կարիճներից։ Բայց ընդհանրապես շատ եմ վախենում պատերազմներից, այդ միտքն ինձ մանկությունից վախեցրել է, երբ այդպիսի պատկերներ էի տեսնում, ֆիլմեր էի դիտում կամ պատերազմի մասին պատմություններ էի լսում։ Նաև անորոշությունն է, որ ինչ-որ տեղ ինձ վախեցնում է, ես սիրում եմ ամեն բան հստակ իմանալ, զգալ և պատկերացնել։

– Ո՞ր երեք բառերով կնկարագրեք ինքներդ Ձեզ:

– Ինքս ինձ չեմ նկարագրի, քանզի բաներ կան որոնց մասին չեմ սիրում խոսել, որպեսզի դրանք անհետաքրքիր ու անիմաստ չդառնան։ Բայց կարող եմ նշել, որ լավատես եմ, և իմ մեջ չարություն չկա, չար մարդ չեմ։

– Եթե կարողանայիք նամակ ուղարկել 18-ամյա Ալլա Լևոնյանին` Ձեր այժմյան փորձով և աշխարհընկալմամբ, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

– Կասեի նրան․ «Ապրես, որ կարողացար չդավաճանել քեզ, քո մտքերին ու սկզբունքներին»։ Ու խորհուրդ կտայի, որ այդքան խորը և դժվար չտանի այն ամենը, ինչն անցողիկ է։ Ես շատ զգացմունքային եմ և խորն եմ տանում վատ բաները, կցանկանայի՝ այն բոլոր ապրումներն ու դժվարությունները, որ ունեցել եմ, մի քիչ ավելի թեթև հաղթահարեի։ Այլ բան չէի ասի։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան