Ջարեդ Լետոյի և Նաստյա Իվլեևայի զրույցն ուղիղ եթերում (տեսանյութ)

Գտնվելով ինքնամեկուսացման մեջ, շատ աստղեր զվարճանում են, իրենց Ինստագրամի հետևորդների համար ուղիղ հեռարձակումներ անցկացնելով։ Դրանց ընթացքում նրանք պատասխանում են հարցերի, երգում են, պարում և ամեն կերպ ուրախացնում բոլոր նրանց, ովքեր այդ պահին դիտում են իրենց։ Երեկ երեկոյան 48-ամյա դերասան և երգիչ Ջարեդ Լետոն, ով վերջերս է իմացել վտանգավոր վիրուսի մասին, քանի որ 12 օր անցկացրել էր անապատում մեդիտացիա անելով, ևս ուղիղ հեռարձակում էր կազմակերպել իր հետևորդների համար: Նա սոցիալական ցանցի մյուս օգտատերերին հրավիրել էր միանալ իր հեռարձակմանը։ Լետոն, որպես զրուցակից ընտրում էր ու կապ հաստատում այն օգտատերերի հետ, որոնց էջերի վրա կար հաստատման նշանը։ Այդ հաջողակներից մեկը 29-ամյա հայտնի բլոգեր Նաստյա Իվլեևան էր:

Ջարեդի հետ զրույցում Նաստյան դժվարությամբ էր կարողանում արտահայտել մտքերը, քանզի վատ է խոսում անգլերեն և շատ հուզված էր, բայց աստղերը միմյանց հասկացան: Իվլեևան պատմեց նրան, որ ինքը հայտնի բլոգեր ու հաղորդավարուհի է ու հրավիրեց նրան մասնակցելու իր շոուին, իսկ Ջարեդը համաձայնեց։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան մեզ հուշում է, որ Լետոն լիովին չի գիտակցել, թե ուր է հրավիրված: Բանն այն է, որ Իվլեևայի շոուն շատ է տարբերվում հեռուստատեսությամբ հեռարձակվողներից, քանի որ իր ծրագրում Նաստյան հաճախ չի վերահսկում իր արտահայտությունները, հյուրերին տալիս է սադրիչ հարցեր և նրանց հետ տարօրինակ մրցույթներ է կազմակերպում: Ջարեդը զրույցի ընթացքում պատմեց, որ եղել է ռուսական «Առաջին ալիք»-ի հյուրը Իվան Ուրգանտի շոուի ժամանակ։ Սպասենք կորոնավիրուսի համաճարակի ավարտին, որպեսզի տեսնենք արդյո՞ք Ջարեդը կմասնակցի հաղորդավարուհու շոուին։ Մինչ Նաստայի հետ զրուցելը Լետոն ուղիղ հեռարձակման ընթացքում զրուցել էր նաև հեռուստահաղորդավար Անդրեյ Բեդնյակովի հետ, ով բնակվում է Ուկրաինայում։