Արքայազն Ուիլյամը ցանկանում է կրկին սանիտարական ավիացիայի օդաչու դառնալ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցանկություն է հայտնել կրկին վերադառնալ Առողջապահության ազգային ծառայություն որպես սանիտարական ավիացիայի օդաչու, այսպիսով՝ նա ցանկանում է իր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում, գրում է Daily Mail պարբերականը։

Քեմբրիջի 37-ամյա դուքսը նախօրեին եղել է Առողջապահության ազգային ծառայության զանգերի կենտրոնում, որտեղ էլ հայտարարել է, որ կրկին ցանկանում է սանիտարական ավիացիայի օդաչու դառնալ։ Նշվում է, որ արքայազնի մտադրությունները լիովին լուրջ են։

«Ուիլյամը գիտի, որ ամբողջ երկիրը պայքարում է մահացու հիվանդության դեմ և ցանկանում է օգնել։ Սակայն դա հեշտ գործ չէ, քանի որ ավելի վաղ նա թագավորական ընտանիքի գործող ավագ անդամ դառնալու համար թողել էր այս աշխատանքը»,- պարզաբանում է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը:

Շատերն իրենց հերթին արդեն հավանություն են տվել այս որոշմանը, քանի որ Ուիլյամի հայրը՝ արքայազն Չարլզը, նույնպես ոչ հեռու անցյալում վարակվել էր COVID-19-ով, իսկ կրտսեր եղբայրը ՝ արքայազն Հարին հրաժարվել է թագավորական լիազորություններից և ընտանիքի հետ միասին լքել Մեծ Բրիտանիան։

Նշվում է, որ ավիացիա վերադառնալու համար արքայազնին կարող է խիտ գրաֆիկը խանգարել։

Հավելենք, որ Ուիլյամը որպես օդաչու է աշխատել 2015-2017 թվականներին Արևելաանգլիական սանիտարական ավիացիայում։ Ոչ վաղ անցյալում նա սկսել է հովանավորել London Air Ambulance Charity կազմակերպությանը, որը ղեկավարում է Լոնդոնում և մերձակա տարածքում լուրջ դեպքերին արձագանքող սանիտարական ավիացիայի ծառայությունները: