Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժեշտի հաղորդագրություն են տարածել (լուսանկարներ)

Մարտի 31-ը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի համար թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոնում վերջին օրն է, ինչի կապակցությամբ 35-ամյա Հարրին և 38-ամյա Մեգանն իրենց Ինստագրամում հաղորդագրություն են հրապարակել, գրում է Daily Mail-ը։

Թագավորական զույգը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց աջակցելու համար․ «Շնորհակալ ենք ձեր աջակցության, ոգեշնչման և այս աշխարհում բարություն տարածելու նվիրման համար: Ինչպես բոլորս գիտենք, աշխարհն այսօր անասելի փխրուն է դարձել։ Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք ունի ներուժ և իրավիճակը փոխելու հնարավորություն։ Այժմ ամենակարևորն ամբողջ աշխարհում մարդկանց առողջությունն ու բարեկեցությունն է, ինչպես նաև համավարակի ֆոնին ի հայտ եկած մի շարք խնդիրների համար լուծումներ գտնելը: Մեզ այստեղ գուցեև չտեսնեք, բայց մեր աշխատանքը շարունակվում է»,- վստահեցրել է թագավորական զույգը։

Եզրափակելով հաղորդագրությունը՝ Հարրին և Մեգանը հորդորել են մարդկանց հոգ տանել իրենց և մյուսների մասին։
«Խնդրում ենք, հոգ տարեք ձեր և ձեր դիմացինի մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Հարրին և Մեգանն այսօրվանից պաշտոնապես դադարել են համարվել թագավորական ընտանիքի ավագ անդամներ։