Միլիարդատեր Իլոն Մասկը հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով կապահովի

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու նպատակով պատրաստվում է հիվանդանոցներին արհեստական շնչառական համակարգերով ապահովել, գրում է Daily Mail պարբերականը։

Թվիթեր սոցկայքի իր էջում ձեռնարկատերը նշել է, որ ավելի վաղ` ամսվա սկզբին տված խոստմանը համապատասխան` պատրաստվում է հիվանդանոցներին ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության (FDA) կողմից հաստատված արհեստական շնչառական համակարգեր անվճար տրամադրել։

«Մենք հավելյալ համակարգեր ունենք․ դրանք ամբողջ աշխարհով մեկ հիվանդանոցներին կառաքվեն…Սարքերի և առաքման համար որևէ գումար չի գանձվի։ Միակ պահանջն այն է, որ սարքավորումներն անմիջապես օգտագործվեն հիվանդների համար և պահեստներում չմնան․․․Խնդրում եմ՝ ինձ կամ @Tesla-ին տեղեկացնել»,- գրել է Մասկը։

Ավելի վաղ Իլոն Մասկը թվիթերյան հարթակում իր հետևորդներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է արհեստական շնչառական համակարգերով օգնել ինտենսիվ բուժում ստացողներին։