Ջորջիո Արմանիի բաց նամակը՝ նորաձևության աշխարհի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Ջորջիո Արմանին բաց նամակ է գրել «WWD»-ին, որում դիզայներն անդրադարձել է ժամանակակից նորաձևությանն ու համաճարակի տված դասերին: Նա շեշտել է, որ լայնամասշտաբ հագուստի արտադրության հետ կապված ներկայիս իրավիճակը անընդունելի է: Բացի այդ, հագուստների խիստ բաժանումը ըստ սեզոնի հիմա անհամապատասխան է փոփխվող եղանակի հետ։

Ջորջինոն երկար տարիներ մամուլի ասուլիսների ընթացքում բարձրաձայնում էր այդ մասին, բայց նրան չէին հասկանում: Կորոնավիրուսային վարակի պատճառով շատերը եկել են այն եզրակացության, որ պետք է դանդաղեցնեն ամեն օր փոփոխվող նորաձևության տեմպերը: Այդպիսի նորաձևությունը չի լինի րոպեական ու կարճաժամկետ և հնարավորություն կտա դիզայներների աշխատանքի հանդեպ վերադարձնել իրական գնահատանքը:

«Շքեղությունը չի կարող ակնթարթային ու անցողիկ լինել: Ինձ համար իմաստ չունի ստեղծել զգեստներ, եթե խանութում դրանք կանցկացնեն ընդամենը երեք շաբաթ, որից հետո հնացած կլինեն և կփոխարինվեն նորերով, որոնք, ըստ էության, դրանցից շատ չեն տարբերվի» – գրել է դիզայները: Նա շեշտել է, որ միշտ հավատացել է նրբագեղության հավերժության գաղափարին:

Արմանին հորդորել է ապրանքանիշներին և իրենց հաճախորդներին դադարեցնել մեծ գումարներ վատնել ակնթարթային իրերի և անիմաստ շոուների վրա: Նա կարծում է, որ նորաձևության իրադարձությունները պետք է մնան յուրահատուկ և սպասված, այլ ոչ թե դառնան սովորական երևույթ: