Ապրիլի 7-ը տոնացույցում ամենասպասված տոներից մեկն է:
Պատմականորեն տղամարդիկ կանանց ծաղիկներ են նվիրում, որպեսզի շնորհավորեն, շնորհակալություն հայտնեն կամ ընդգծեն իրենց առանձնահատուկ վերաբերմունքը։ Սակայն քչերս ենք նկատում, որ նվեր ընտրելու ծիսակատարությունը տղամարդկանց համար պակաս կարևոր է, քան նվերի հասցեատիրոջ համար։
Անշուշտ տղամարդիկ նյարդայնանում են, տանջվում՝ ի՞նչ նվիրել․․․ վարդեր, թե՞ կակաչներ, ծաղիկներ, թե՞ օծանելիք, իսկ միգուցե՞ արևածաղիկներ կա՞մ բանաստեղծություն։
Showbiz.am կայքի հետ զրույցում հայ աստղերից դերասաններ Արման Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սեր Մովսիսյանը,Հայկ Աֆրիկյանն ու Նարեկ Քթոյանը պատմում են Ապրիլի 7-ին արված իրենց ամենահիշարժան ու յուրօրինակ նվերների մասին։
«Արարատի լեգենդները» ֆիլմում, «Թափառում» ռոք օպերայում, «Ճակատագրի գերիները», «Աննա», «Դիմակահանդես» և «Անուրջներ» սերիալներում խաղալուց հետո դերասան Հայկ Աֆրիկյանն այս շրջանում որևէ նկարահանման չի մասնակցում։ Երկրպագուներն իրենց սիրելի դերասանին անչափ կարոտել են․ Showbiz.am կայքի հետ զրույցում Հայկը խոստացավ, որ շուտով կվերադառնա հեռուստաէկրաններ, սակայն փակագծերը բացել չցանկացավ։ Այս շրջանում նա դասավանդում է «LEVEL ONE» դերասանական և ռեժիսորական ստուդիայում, որի դասերը կարանտինի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։
Դերասանը ջերմորեն շնորհավորում է կանանց ապրիլի 7-ն ու կիսվում մեզ հետ ապրիլիյոթյան իր մատուցած ամենայուրահատուկ նվերի պատմությամբ։
«Հիշողություններն այս օրվա հետ կապված շատ են, կան նաև տխուր ակնթարթներ, սակայն դրանք չեմ ցանկանում հիշել։ Կպատմեմ վերջերս մատուցած անակնկալի մասին․ շատ կարևոր մարդու, չեմ ասի, թե ում, շուն եմ նվիրել։ Կարծում եմ, որ հարցը նվերի արժեքը չէ, այստեղ կարևորը գործընթացն է, երբ մարդ նվեր է ստանում իր երազած բանը»,- ժպիտով պատմում է Հայկը ու շարունակում,- «Նվիրելուց մարդ պետք է իրենից ինչ-որ բան դնի նվերի մեջ։ Իմ նվերի մեջ կար ինձնից ինչ-որ մաս, ու դա շատ կարևոր է, որ նվեր սատցողը զգա նվիրողի շունչը։ Նվերներ, անակնկալներ մատուցել շատ եմ սիրում»։
Խոսելով համաճարակի մասին՝ Հայկը խորհուրդ տվեց բոլոր մարդկանց հույսը դնել ոչ թե բժիշկների, այլ Աստծո վրա ու սկսել աղոթել։ Նա նշեց, որ իր կարծիքով աշխարհը շատ է լցվել չարությամբ ու այս իրավիճակը շատերին մտածելու տեղիք է տալիս ու հնարավորություն ընձեռնում փոխվելու դեպի լավը։
«Արդեն տան բազմոցի վարորդական իրավունք եմ հանել ու բազմոց եմ վարում տանը»,- կատակեց Հայկը՝ հավելելով, որ չի բողոքում ստեղծված իրավիճակից ու նաև կոչ է անում բոլորին այս պարտականությունը կատարել սիրով։
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սեյրան Մովսիսյանը, ով այժմ հանդես է գալիս «Կինստագրամ» սիթքոմում, պատմեց՝ որն է եղել սիրելիին մատուցած իր ամենայուրահատուկ անակնկալը։
«Այս տարի չկարողացանք պատշաճ կերպով տոնել կանանց օրը, բայց ինքս փորձել եմ անել ամեն ինչ, որ կնոջս ուրախացնեմ այս օրերին:
Ամեն օր փորձում եմ փոքրիկ բաներով ուրախացնել նրան, չէ՞ որ նվերը միայն նյութական չի լինում։
Ամենաօրիգինալ նվերը, որը մատուցել եմ կնոջս՝ ամուսնության յուրահատուկ առաջարկն էր․ արհեստական կռիվ էինք ստեղծել, ընկերներով կռվեցինք ոչ միայն իրար հետ, այլ նաև կնոջս հետ։ Բնականաբար նա հավատացել էր, իսկ վերջում անակնկալ կերպով հանեցի մատանին, ծաղիկներն ու շոմպայնը»,- հիշում է Սեր Մովսիսյանը:
Խոսելով կարանտինի մասին՝ դերասանն ասում է․ «Կարանտինը բոլորիս կյանքում քաոսային է, բայց միայն առաջին հայացքից: Այո, մենք ամբողջ օրը տանն ենք, մեր առօրյան լրիվ փոխվել է, բայց մեդալի հակառակ կողմն էլ կա․ սա մեզ հնարավորություն տվեց վերանայել և վերագնահատել կյանքը, արժևորել մեր ունեցածը, և կարծում եմ, որ կարանտինից հետո կյանքը լրիվ այլ է լինելու»։
Դերասան Անդրանիկ Հարությունյանը հիշում է, որ իր մատուցած ամենայուրահատուկ նվերը ավտոմեքենան էր, որը նա նվիրել էր կնոջը, սակայն այդ գեղեցիկ անակնկալը նա կնոջը մատուցել էր ոչ թե ապրիլի 7-ին, այլ ապրիլի 1-ին։
Դերասանը մեզ մի գաղտնիք բացահայտեց՝ ասելով, որ կանանց միամսյակի կապակցությամբ միայն մեկ մարդու է անակնկալներ մատուցում։
«Կանանց, աղջիկների, հրաշքների տոնին նվերներ տալիս եմ միայն աղջկաս և ուրիշ ոչ մեկին։ Բայց չեմ ասի, թե ինչ եմ նվիրում, թող դա մնա մեր գաղտնիքը»,- կիսվում է Անդրանիկը։
Միշտ դրական ու հումորով դերասան Արման Ղազարյանը կիսվեց զավեշտալի պատմությամբ։
«Երիտասարդ ժամանակ մի աղջկա էի սիրահարված և որոշեցի կանանց միամսյակի կապակցությամբ օրիգինալ նվեր մատուցել նրան․ գնեցի տաքսա շնատեսակի քոթոթ։ Երբ աղջիկը զուգված, զարդարված դուրս եկավ ու գրկեց իր նվերը, հենց այդ պահին քոթոթը որոշեց, որ բնական կարիքները հոգալու ժամանակն է։ Երևի այդ օրը աղջիկը մինչև իր կյանքի վերջ չի մոռանա»,- պատմում է Արմանը։
Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի դերասան Նարեկ Քթոյանը վերջին ժամանակներում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում թատրոնում՝ ուրախացնելով իր հանդիսատեսին նոր ներկայացումներով ու ինքնատիպ, չկրկնվող կերպարներով։ Հիշելով իր ամենայուրահատուկ նվերը՝ Նարեկը պատմում է․ «Ապրիլի 7-ի առթիվ իմ ամենայուրօրինակ նվերը կարծում եմ պատրաստել եմ մայրիկիս համար 5 կամ 6 տարեկանում։ Մենք ձնծաղիկներ էինք չորացրել ու այդ ձնծաղիկներով պատրաստել էինք բացիկներ մեր մայրիկների համար՝ գրելով դրանց վրա բարեմաղթանքներ։
Երբեք չեմ մոռանա նրա ուրախությունը, երբ նվիրեցի բացիկը։ Ի դեպ, մայրս այն մինչև այսօր պահում է»։
Խոսելով կարանտինի մասին՝ Նարեկն ասում է․ «Ինքնամեկուսացումը բացահայտեց ինձ համար մի տարերք, որից անտեղյակ էի․ պարզվում է՝ ես շատ եմ սիրում համեղ ուտեստներ պատրաստել, և ընտանիքիս անդամները կարծում են, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Կարանտինը անցկացնում եմ տանը, ընտանիքիս հետ, հիմնականում հեշտ է անցնում, փորձում եմ մարզվել, ֆիլմեր դիտել ու ժամանակ առ ժամանակ կարդալ»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան