Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը, գրում է Daily Mail պարբերականը։
61-ամյա երգիչը Զատկի տոնին ամբողջովին դատարկ տաճարում համերգով հանդես գալու հրավերը ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։
Հայտնի է, որ Բոչելլիին կընկերակցի միայն տաճարի երգեհոնահար Էմանուել Վիանելին՝ կատարելով Մարիամ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա»-ն։
Համերգը կհեռարձակվի Բոչելլիի յութուբյան տեսաալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։
«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել է Բոչելլին։