Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից 150-ը վարակվել է կորոնավիրուսով

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ վերջին շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ, իսկ ավելի հստակ`150 մարդ, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրան»:

Երկրի մայրաքաղաք Էր Ռիյադի 70-ն անց ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Բանդար բին Աբդուլազիզ Ալ Սաուդը վարակվելուց հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երկրի թագավոր Սալմանն ու թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը մեկուսացել են, որպեսզի խուսափեն վարակվելուց:

Էլիտար հիվանդանոցի բժիշկները, որոնք բուժում են թագավորական ընտանիքի անդամներին, ևս 500 մահճակալ են պատրաստում հիվանդանոցում:

«Մենք չգիտենք՝ քանի դեպք կլինի, բայց պատրաստ վիճակում ենք»,- ասել են հիվանդանոցի աշխատակիցները:

Մինչ այժմ վարակվել են թագավորական ընտանիքի ստորին ճյուղերի ներկայացուցիչները: Երբ համավարակը սկսել է տարածվել երկրով, 84-ամյա թագավոր Սալմանը մեկուսացել է Ջիդդայի մոտակայքում գտնվող կղզային պալատում, թագաժառանգ արքայազնն էլ տեղափոխվել է Կարմիր ծովի ափ:

Ապրիլի 7-ին Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ համավարակը երկրում հնարավոր է, որ նոր է սկսվում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում վարակման քանակը կտատանվի ամենաքիչը 10 000-ի, ամենաշատը 200 000-ի միջև»,-տեղեկացրել է առողջապահության նախարար Թաուֆիք ալ Ռաբիան:

Տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների թիվը շուրջ 15 000 է:

Վերջին տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2932 դեպք, որոնցից 41-ը` մահվան ելքով: