Քրիս Էվանսի մայրը պատմել է` ինչպես է որդուն համոզել Կապիտան Ամերիկայի դերը խաղալ

Ամերիկյան դերասան Քրիս Էվանսի մայրը՝ Լիզա Էվանսը, պատմել է՝ ինչպես է որդուն համոզել Marvel-ի «Կապիտան Ամերիկա» ֆիլմում կերտել Սթիվ Ռոջերսի՝ Կապիտան Ամերիկայի դերը, հաղորդում է ScreenRant-ը:

Նրա խոսքով՝ Էվանսը չէր ցանկանում մասնակցել այդ նախագծին, քանի որ վախենում էր իրեն սպասվող հայտնիությունից։

«Ես հիմա կարիերա ունեմ։ Բացի այդ, հիմա շանս հետ հանգիստ զբոսանքի կարող եմ դուրս գալ։ Ոչ ոք ինձ չի անհանգստացնում, չի ուզում խոսել ինձ հետ։ Կարող եմ գնալ այնտեղ, որտեղ ուզենամ։ Այն միտքը, որ կարող եմ կորցնել այս ամենը, վախեցնում է ինձ»,-մոր հետ իր մտավախություններով կիսվել էր երիտասարդ դերասանը։
Լիզա Էվանսի խոսքով՝ ինքը որդուն հորդորել է մտածել հետագա կարիերայի մասին։

«Հետագայում ցանկանո՞ւմ ես ֆիմերում նորից նկարահանվել։ Եթե համաձայն ես, ապա կունենաս այդ հնարավորությունը»,- խորհուրդ է տվել մայրը՝ հորդորելով վստահ լինել, որ իր որոշումը հետագայում վատ չի անդրադառնա դերասանական կարիերայի վրա։

Քրիս Էվանսը երկար ժամանակ կասկածներ է ունեցել Սթիվ Ռոջերսի դերի վերաբերյալ, այդ պատճառով մի քանի անգամ հրաժարվել է դերից։

2010 թվականին դերասանը, այնուամենայնիվ, համաձայնել է նկարահանվել «Առաջին վրիժառու» ֆիլմում, իսկ հետո՝ Marvel ստուդիայի մյուս ֆիլմերում, այդ թվում՝ «Կապիտան Ամերիկա»-ում։