Paramount Pictures-ը հրաժարվել է Դի Կապրիոյի և Դե Նիրոյի մասնակցությամբ չափից ավելի ծախսատար ֆիլմի արտադրությունից

Հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ներկայացուցիչներն Apple և Netflix ընկերությունների հետ բանակցում են դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի և Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ նոր ֆիլմի ֆինանսավորման և ցուցադրության հարցերի շուրջ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Apple-ի և Netflix-ի հետ բանակցությունների պատճառն այն է, որ Paramount Pictures կինոստուդիան Սկորսեզեի նոր ֆիլմը չափից ավելի թանկարժեք է համարում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Paramount Pictures-ը 2019թ. համաձայնություն էր տվել մեծ բյուջե ունեցող «Ծաղկային լուսնի մարդասպանները» ֆիլմի արտադրությանը: Սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը սկսել է մտահոգվել ֆիլմի աճող ծախստարության վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ խոսքը մոտ երկու հարյուր միլիոն դոլարի մասին է:

Ի վերջո կինոստուդիայի ղեկավարությունը Սկորսեզեին թույլ է տվել իր նախագիծն այլ ստուդիաների առաջարկել: Ռեժիսորի ներկայացուցիչներն արդեն կապվել են Apple, Netflix, Universal Studios և MGM Holdings ընկերությունների հետ:

Ֆիլմը հիմնված է Դևիդ Գրանի համանուն վեպի վրա և պատմում է անցած դարի քսանական թվականներին Օկլահոմա նահանգում հնդկացիների սպանությունների մասին:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Paramount Pictures-ը ծախսատարության պատճառով հրաժարվում է Սկորսեզեի ֆիլմից: Նախքան այս կինոստուդիան հրաժարվել էր «Իռլանդացին» ֆիլմից, որն ի վերջո թողարկվել է Netflix-ով