Ռուսական Մեծ Թատրոնի 34 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Մեծ Թատրոնում 34 հոգի վարակվել են կորոնավիրուսով։ Վարակվածները հայտնաբերվել են «Мы вместе» համերգի շրջանակներում, որն անցկացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների պատվին։

Համերգն ինքնին անցկացվել է դատարկ դահլիճում, բայց ելույթ են ունեցել իսկապես մեծանուն արտիստներ՝ Յուրի Բաշմետը, Սերգեյ Պոլունինը, Բորիս Բերեզովսկին, Թամարա Գվերդցիտելին, Վադիմ Ռեպինը, Վլադիմիր Մաշկովը, Սերգեյ Գարմաշը, Միխայիլ Բոյարսկին, Դմիտրի Պեվցովը, Եվգենի Միրոնովը, Կոնստանտին Ռայկինը, Դիանա Արբենինան, Ալեքսանդր Պետրովը և ուրիշներ:

Ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում թատրոնի աշխատակիցները շեշտել են, որ համերգը կազմակերպել էր ոչ թե Թատրոնը, այլ Համառուսաստանյան պետական հեռուստաընկերությունը։ Ավելին, ըստ նրանց կորոնավիրուսն ախտորոշվել է ոչ թե համերգի անցկացման պատճառով, այլ հայտնաբերվել է դրա կազմակերպման համար կանխարգելող միջոցառումների ընթացքում։ Մեծ Թատրոնի աշխատակիցները պատմել են, որ համերգի անցկացման ընթացքում անհրաժեշտ սանիտարական բոլոր նորմերը պահպանվել են, թեև ոչ բոլորն են հեռավորություն պահել համերգի նկարահանումների ժամանակ, մասնավորապես կամավորներն ու հեռուստատեսության աշխատակիցները:

Ամեն դեպքում 34-ը, որոնց թեստը դրական է եղել, ոչ բոլորն են Մեծ Թատրոնի աշխատակիցներ: Ըստ երեւույթին վարակվածների թվում են նաև հեռուստաընկերության աշխատակիցները։