Մհեր Մխիթարյանն առցանց ապահովում է մարդկանց բարձր տրամադրությունը․ հումորիստը՝ կարանտինի և նոր նախագծերի մասին

Եթե այս օրերին շատերի համար ժամանակն անցնում է ձանձրալի ու անհետաքրքիր, ապա նույնը չի կարելի ասել հումորիստ, սցենարիստ, դերասան Մհեր Մխիթարյանի մասին, ում արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ստեղծագործելու և նոր մտահաղացումներով ներկայանալու հնարավորություն է ընձեռել։
Մհեր Մխիթարյանը նոր միջոց է մտածել՝ կարանտինի ընթացքում իր երկրպագուների օրն առավել հետաքրքիր դարձնելու և նրանց առօրյա հոգսերից կտրելու համար։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ իր ինստագրամյան էջում Մհերը ներկայանում է նոր՝ «Մհերի մոտ Live է» հաղորդաշարով, որի ընթացքում նա զրուցում է հայտնի հյուրերի հետ՝ նրանց տալով զվարճալի, հետաքրքիր հարցեր, բարձրացնելով թե՛ հյուրի, թե՛ հետևորդների տրամադրությունը։
Showbiz.am կայքի հետ զրույցում Մհերը առավել մանրամասն պատմեց իր մյուս նոր նախագծի մասին՝ խոսելով նաև կարանտինի, հետաձգված կարևոր գործերի և ապագա ծրագրերի մասին։

Մասնագիտությամբ տնտեսագետ Մհերը իր կարիերան սկսել է տարիներ առաջ, երբ «32 ատամ» ակումբի կազմակերպած քասթինգի ժամանակ 150 մասնակիցներից տաղանդով ու հումորի զգացումով աչքի ընկավ հենց ինքը։
«32 ատամ» ակումբի  կազմալուծումից հետո Մհերը նկարահանվել է «Քարե դարդ», «Ոսկե դպրոց» սիթքոմներում, սակայն նախկին գործընկերների հետ կապը չի կորցրել և իր ինստագրամյան էջում հաճախ է հրապարակում նրանց հետ ջերմ լուսանկարներ։
Արդեն երկար ժամանակ է՝ Մհերն ակտիվ վարում է իր յութուբյան ալիքը, որտեղ կարճամետրաժ հումորային տեսանյութերով ներկայացնում է հայկական իրականությունը։
Կարանտինի ընթացքում Մհերի մոտ «Մհերի մոտ Live է» նախագծից բացի առաջացել է ևս մեկ նոր մտահաղացում։

«Տանը նստած վայելում էի կարանտինն ու մեկ էլ որոշեցի ստեղծել նաև տեսաշար, որը բավականին լավ ու դրական արձագանք ստացավ։ Խոսքը «Տաքսիստ Հենդոյի» հորինված կերպարի մասին է, որը բավականին սիրվեց մարդկանց կողմից»,- հայտնում է Մհերն ու հավելում, որ տեսաշարում ներկայացվող հումորային դրվագները հորինված չեն, իսկ իր մարմնավորած կերպարը իրական է, ու այդ կերպարի հետ ինքը ճանապարհ է գնացել։

«Որոշեցի հիշել ինձ հանդիպած բոլոր տաքսիստների կերպարներն ու դրանք ամփոփել մեկի մեջ։ Բավակնին ստացված կերպար է, ոորվհետև շատ հայկական է՝ ստախոս, գլուխը վերև և այլն»,- պատմում է Մհերը։
Մխիթարյանը նաև նշում է, որ կարանտինի պատճառով հետաձգվել է նոր, հումորային, շատ մեծ նախագիծ, որը պետք է հեռարձակվեր «Արմենիա» հեռուստաընկերությամբ։
Հետաձգվել են նաև Մհեր Մխիթարյանի ու հումորիստ Վաչե Թովմասյանի սթենդ-ափ շոուները, սակայն դրանք կարանտինի ավարտից անմիջապես հետո կվերսկսվեն։

Վաչե Թովմասյանի սթենդ-ափ ծրագրից հետո երկրպագուները Մհերին բացահայտեցին նորովի։
Հումորիստի ելույթի ընթացքում դահլիճը պայթում էր, ու ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում էր երկրպագուներին այն էր, թե արդյոք Մհերի ընկերուհին չի՞ նեղանում իր հասցեին հնչած այդ կատակներից, որովհետև հումորիստի ելույթի մեծ մասը նվիրված էր հենց ընկերուհուն։

«Իմ ընկերուհին չի նեղանում իր մասին արված կատակների պատճառով, որովհետև նա չկա»,- կարճ և կտրուկ պատասխանում է Մհերը։
Մհերը նաև խոսոտվանում է որ կարանտինի ընթացքում ամբողջ օրը տանն է, հազվադեպ է դուրս գալիս և կատակում է, որ հիմնականում զբաղվում է ամանները լվալով։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան