Կաննի կինոփառատոնի անցկացումը կրկին վերանայվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին

Կաննի կինոփառատոնի անցկացման ծրագրերը կրկին վերանայվում են կորոնավիրուսի համավարակի ֆոնին, գրում է CNN-ը։

Մայիսի 12-23-ը ծրագրված կինոփառատոնի կազմակերպիչները մարտի 19-ին հայտարարել էին, որ քննարկում են կինոփառատոնի հետաձգումը մինչ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ:

Երեքշաբթի Կաննի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ կազմակերպիչները «կուսումնասիրեն բոլոր տարբերակները, որոնք թույլ կտան ինչ-որ կերպով իրականություն դարձնել Կաննի կինոփառատոնը»։

«Երբ առողջապահության ճգնաժամը, որի լուծումը բոլորի համար առաջնահերթություն է մնում, անցնի, մենք պետք է ևս մեկ անգամ հաստատենք և ապացուցենք կինոյի կարևորությունը, ինչպես նաև այն դերը, որ ֆիմերը, արտիստները, կինոթատրոններն ու հանդիսատեսն ունեն մեր կյանքում։ Մենք միտված ենք այն իրականություն դարձնել և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին՝ պետական պաշտոնյաներին, ոլորտի ներկայացուցիներին, ինչպես նաև մեր գործընկերներին»,- ասված է հայտարարությունում։

Կաննի միջազգային կինոփառատոնն (Festival international du film de Cannes) անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Այն համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը։ Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած: