Թոմ Հենքսն ու կինը արյուն են հանձնել՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար

Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որպես դոնոր արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար, հայտնում է Independent-ը։
Հնարավոր է՝ հիվանդությունից հետո նրանց արյան մեջ հակամարմինները կօգնեն լաբորատոր հետազոտություններում։
Մարտին հայտնի է դարձել, որ նրանք վարակվել են կորոնավիրուսով։ Հիմա նրանք արդեն առողջ են։ Նրանք բուժվում էին Ավստրալիայում, հիմա արդեն վերադարձել են տուն՝ Լոս Անջելես։

Բժիշկները կարծում են, որ նրանք վարակի նկատմամբ իմունիտետ ունեն։
Արյուն հանձնելու որոշման մասին Ռիտա Ուիլսոնն ավելի վաղ հայտնել էր CBS This Morning-ին տված հարցազրույցում։
«Մեզ համար հետաքրքիր է իմանալ՝ արդյոք մեր հակամարմինները կօգնե՞ն պատվաստանյութի մշակման հարցում և կարո՞ղ ենք արդյոք արյան պլազմա հանձնել»,- ասելլ էր նա։

Նա նաև նկարագրել էր հիվանդության ընթացքը՝ նշելով, որ իրեն շատ հոգնած է զգացել, ամեն ինչ ցավել է, և ինքը չէր ցանկանում, որ իրեն դիպչեին։
Դերասանուհին հավելել էր, որ բարձր ջերմություն է ունեցել, ինչ-որ ժամանակ դադարել է զգալ հոտերն ու համերը։