Փոլ Մաքքարթնին խոսել է Ջոն Լենոնի խմբից հեռանալու և դրան հաջորդած հիասթափության մասին (լուսանկարներ)

Բրիտանական լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի հետ զրույցում անկեղծացել է 1969 թվականին խմբից Ջոն Լենոնի հեռանալու և դրան հաջորդած հիասթափության մասին, գրում է Daily Mail-ը։

Հաղորդավարի այն հարցին, թե ինչու խումբը չշարունակեց իր գոյությունն առանց Ջոն Լենոնի, Մաքքարթնին պատասխանել է․ «Երբ ընտանիքը բաժանվում է, զգացմունքներդ տեղի են տալիս, համակվում են հոգեկան ցավով։ Այդ պահերին գլխիդ խելացի գաղափարներ չեն գալիս։ Ցավը մեծ էր»։

Իր հարցազրույցի ժամանակ աստղը նաև խոստովանել է, որ The Beatles-ը The Rolling Stones-ից ավելի լավ խումբ է համարում։

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ The Beatles-ը գերադասում է The Rolling Stones-ից, լեգենդար խմբի վոկալիստը ժպտադեմ պատասխանել է․ «Հովարդ, ինքդ էլ գիտես, որ քեզնից մեծ ջանքեր չեն պահանջվի, որ քեզ հետ համաձայնվեմ այդ հարցում»։

Միևնույն հարցազրույցի ժամանակ, Մաքքարթնին Չինաստանում չղջիկներ ուտելու սովորույթն անվանել է «միջնադարյան»՝ Չինաստանին մեղադրելով կորոնավիրուսի տարածման համար։

«Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո Չինաստանի կառավարությունը կասի․ «Մենք պետք է ավելի հիգիենիկ լինենք։ Եկեք ընդունենք ճշմարտությունը՝ չղջիկներ ուտելը միջնադարին է բնորոշ»,- ասել է 77-ամյա Մաքքարթնին։