Շարլիզ Թերոնն ու Մադոննան օգնել են բռնության ենթարկվածներին ու բանտարկյալներին

Կորոնավիրուսային համավարակի պատճառով բազմաթիվ հայտնի մարդիկ կորցրել են աշխատելու հնարավորությունը, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեղյալ են հայտարարել բոլոր հասարակական միջոցառումները, համերգներն ու ֆիլմերի նկարահանումները: Այնուամենայնիվ, գիտակցելով, որ հասարակ մարդկանց համար ավելի դժվար է ճգնաժամը հաղթահարելը, աստղերը բարեգործական ծրագրեր են իրականացնում: Այս կարևոր առաքելության մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև 44-ամյա Շարլիզ Թերոնը և 61-ամյա Մադոննան:

Թերոնը բարեգործական հիմնադրամներից մեկին նվիրաբերել է մեկ միլիոն դոլար, որից 500 հազար դոլարը հատկացվել է հատուկ ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված ապաստարանների ստեղծման ու պահպանման ծրագրի գործունեության համար: Իսկ Մադոննան ֆինանսական մեծ օգնություն է ցուցաբերել բանտարկյալների և բանտերի աշխատակիցների առողջության պահպանման համար։