«Հիշում ենք ու երբեք չենք մոռանա». հայտնիները՝ Հայոց ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մեր հայտնի շատ հայրենակիցներ հարգանքի տուրք են մատուցում սարսափելի իրադարձությունների զոհերին։
Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը գրելով․ «Չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը։ Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող: Ուժ` ապրելու, հզորանալու, շատանալու և պահանջատերի իրավունքով խոսելու:
Քանի ունենք հիշողություն, մենք կանք: Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է` չհիշել: Հայը որպես ժողովուրդ սոսնձված է իր ցավով էլ, երգով էլ, հավատքով էլ, ընտանիքով էլ: Հայոց մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերից յուրաքանչյուրը մեր մեջ է ապրում, մեր արյունով է հոսում ու մեր ճակատագիրն է, անցնի 105 թե հազար հինգ տարի: Հիշում եմ, աղոթում եմ, պահանջում եմ։
2020 թվականի ապրիլի 24. Հայոց ցեղասպանությունը մարդկության նկատմամբ մեծագույն ոճիրներից է, որ պարտադիր պիտի ճանաչվի և հատուցվի:
105-րդ տարելից, 21-րդ դար, անպատասխան մնացած հոգիներ…»։

Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հրապարակել է անմոռուկի լուսանկար, որին կից գրել է․«Ապրիլի 24․ այսօր մենք հիշում ենք հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Հիշում ենք ու երբեք չենք մոռանա»։
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, նույնպես հրապարակում է արել, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։
«Այսօր նշվում է Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Միայն պաշտոնական տվյալներով՝ ցեղասպանությունը խլել է մեկուկես մլն հայի կյանք։ Կարծում եմ՝ այդ իրադարձությունների ականատեսի պատմությունը մեզ հնարավորություն կտա ավելի խորը հասկանալ ազգի վիշտը, որն արդեն երկար տարիներ հետամուտ է լինում Թուրքիայի և ամբողջ աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչմանը։Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, հարկավոր է կարողանալ խոստովանել անցյալը։ Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- գրել է նա։

Հրապարակում է կատարել նաև Ռաֆայել Երանոյսանը նշելով․ «Մեր անժամանցելի իրավունքների համար պայքարը պետք է լինի ամենօրյա։ Եվ այս պայքարում ներդրում կարող ենք ունենալ յուրաքանչյուրս»։

Իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է կատարել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը գրելով․«Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր հոգին !!! Հիշում ենք ու պահանջում»։

Անմասն չեն մնացել նաև Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, ովքեր հրապարակելով լուսանկարներ՝ նշել են՝ եթե պայքարն ազնիվ է, իսկ նպատակն արդար, ուրեմն հաղթանակը երաշխավորված է։

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։
«Բարև։ Թույլ տուր ներկայանալ։ Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեսայանն է։

Դերասանուհի Մարիաննան Քոկչյանն իր ինստագրամյան էջում Հայոց Ցեղասպանության մասին գրառում է կատարել․ «Հայոց ցեղասպանությունը բոլորիս համար պատմական և ճակատագրական նշանակություն ունի: Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սթափեցնող ազդակ է բոլորիս համար: Մեր նախնիներն են ապրել այս արհավիրքը, փոխանցելով մեզ այդ գենետիկ հիշողությունը… Մենք մաքուր ենք, և թափված արյունը արյունով չենք լվացել:
Իսկ թշնամիներ փնտրելուց ու թշնամանալուց առաջ պիտի ոչ թե մեղադրենք ու նույնն անելու մասին մտածենք, այլև ապրենք լիարժեք ու հային վայել:
Ա՜խր մեզ փոքրուց սովորեցրել են, որ թշնամուն կարելի է հաղթել, ո՛չ թե պատասխան տալով նույն կերպ, այլ ապրելով արժանավայել և բաց ճակատով:
Մենք իրավունք չունենք մոռանալ 1,5 միլիոն մարդկանց,որոնք անմեղ զոհ դարձան և հանուն նրանց հիշատակը վառ պահելու համար պիտի յուրքանչյուրս գիտակցի, որ պարտադիր չէ տարին միայն մեկ օր այցելել հուշահամալիր. հարկավոր է փոխարենը միշտ հիշել, գիտակցել և պահանջել.
Թերևս ամենակարևորը, ինչը կարող ենք անել բոլորս միասին..»։