Նարեկ Դուրյանը պատմել է իր էրզրումցի տատի Ցեղասպանությունից փրկվելու պատմությունը

Դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին պատմում է իր էրզրումցի տատի պատմությունը։
Դերասանի տատը թուրքերի աջակցությամբ կարողացել է փրկվել 1915թ․-ի արյունահեղությունից։

Դուրյանը իր տատիկի պատմությունը ներկայացրել է տեսանյութի միջոցով՝ նշելով, որ իր ներկայացումներում էլ է անդրադարձել այս պատմությանը, բայց կան պատմություններ, որոնք պետք է շատ հաճախ պատմել, պատմել և չմոռանալ, որովհետև հիշում ենք և պահանջում:

«Այս պատմությունն ինձ քեռիս է պատմել, իսկ նրան՝ պապս մահանալուց առաջ: Էրզրումցի տատիկս մի երիտասարդի է սիրել, իսկ նա խենթի պես տատիկիս է սիրել: Նրանք նշանվում են, ամուսնանում: Մի պայծառ առավոտ տատիկիս ամուսինն ինչպես միշտ գնում է դաշտ՝ աշխատելու, և այդ պահին սկսվում են ջարդերը: Տատիս թուրք հարևանուհիները նրան փախցնում են, փրկում և հորդորում չսպասել ամուսնուն ու փախչել, քանի որ ամուսինն այլևս չի վերադառնա: Աստված գիտի, թե ինչպես տատիկս գալիս և հասնում է Թիֆլիս»,- ասում է Դուրյանը:

Շարունակելով պատմությունը՝ արտիստը նշում է, որ Թիֆլիսում տատը ծանոթանում է  Դուրյանի ղարսեցի պապի հետ, ով կորցրել էր իր ութ եղբայրներին: «Երկու միայնակ մարդիկ համակրում են միմյանց և որոշում նոր կյանք սկսել: Ամուսնանում են: Ծնվում է մայրս, հետո՝ քեռիս, և վերքերը կամաց-կամաց սկսում են բուժվել: Տարիներ անց պապիս է մոտենում մի արտասահմանցի ու հայտարարում, որ տատիկիս առաջին ամուսինն է, որը կարողացել է փախչել թուրքերից և այսքան տարի աշխարհով մեկ փնտրում է այն միակ կնոջը, որին սիրում է: Նա պապիս հարցնում է՝ երջանի՞կ են, արդյոք: Իմանում է, որ երկու երեխա ունեն, և որոշում է հեռանալ: Նա պապիս հանձնարարում է տատիկին լավ նայել ու գնում է»,- պատմում է Դուրյանը:

Դերասանի պապը երկար ժամանակ լռում է այդ դեպքի մասին և վերջիվերջո, չիմանալով ինչպես վարվել, այդպես էլ տատին ոչինչ չի պատմում: Նարեկ Դուրյանի տատը մահանում է՝ չմանալով, որ իր առաջին ամուսինը ողջ է: