Վարդան Պետրոսյանը Ցեղասպանության տարելիցին բոլորին առաջարկել է դիտել «Վերելք» ներկայացումը

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին թատերասերներին առաջարկել է դիտել իր «Վերելք» ներկայացման հեռուստատեսային տարբերակը։

Դերասանն իր Ֆեյսբուքի պատոնական էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 105րդ տարելիցին Ձեզ եմ ներկայացնում իմ «Վերելք» թատերախաղը։ Ներկայացումը բեմադրվեց ու խաղացվեց առաջին անգամ 2005 թ. Երևանի Ստանիսլավսկու անվ. թատրոնում։ Սա ներկայացման հեռուստատեսային տարբերակն է։
Մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, ցավոք, հեռուստատեսային տարբերակում կորցրին իրենց ուժը և իմաստը, այդ պատճառով էլ հանվեցին։ Ներկայացումը թատրոնում դիտած մարդիկ կհիշեն, որ բեմում կար քառասուն մասնակից և կենդանի նվագախումբ։

Անպայման ուզում եմ երախտագիտությամբ հիշել գործարար Հրանտ Վարդանյանին, որ միանգամայն անշահախնդիր հովանավորեց այս աշխատանքը, փակելով ներկայացման բոլոր նախնական ծախսերը։ Ներկայացումը մոտ հինգ ամիս անդադար խաղացվեց և ունեցավ տասնյակ հազարավոր հանդիսատես և ըստ պատմաբանների, թատերագետների , գիտնականների, մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակական մտքի վրա։

Շատ ծնողներ են վկայել, որ երեխաները ներկայացումը դիտելուց հետո, թափել են իրենց ռաբիս, արաբաթուրքական ձայնասկավառակները, գնացել, Կոմիտասի մասին գրքեր են առել…
Բեմադրիչը Անի Համելն է, նվագախումբը ղեկավարում են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը, բեմադրության տնօրեն՝ Աշխեն Պետրոսյան, և բեմում ՝ մեր հրաշալի դերասանները, որ մինչև վերջ նվիրված տրված էին խաղի տարրերքին…
Բարի դիտում…»։