«Կարիերաս սկսել եմ պահեստային ընտրություն լինելով»․ Սքարլեթ Յոհանսոնը՝ դեպի Հոլիվուդ ճանապարհ հարթելու մասին

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Parade ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ ֆիլմերով ու դերասանական արվեստով տարվել է դեռևս մանուկ հասակում՝ Հին Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ դասական մյուզիքլներ և այլ ժանրի ֆիլմեր դիտելուց հետո, գրում է Fox news-ը։

«Վաղ տարիքից ինձ մշտապես մերժել են։ Երբ այս ոլորտ իրենց առաջին քայլերն անող մարդիկ ինձնից խորհուրդ են հարցնում, միշտ ասում եմ, որ լայնախոհ լինեն ու պատրաստ լինեն ամեն ինչի»- ասել է դերասանուհին։

Յոհանսոնի խոսքով՝ նույնիսկ 2003 թվականի «Թարգմանության դժվարությունները» և «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմերում իր հաջող ելույթից հետո, որոնք ներկայացվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի, նա շարունակում էր իր համար դեպի Հոլիվուդ ճանապարհ հարթել։

Ամերիկյան Marvel կինոստուդիայի «Սև այրի» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերի առաջարկը դերասանուհին ստացել է այն ժամանակ, երբ հոլիվուդյան դերասանուհի Էմիլի Բլանթը ստիպված է եղել հրաժարվել դերից՝ այլ ֆիլմերում ներգրավվածության պատճառով։

«Ոգևորված էի նրա («Երկաթյա մարդ 2» -ի ռեժիսոր Ջոն Ֆավրոյի) հետ աշխատելու մտքով, ուստի երբ հանդիպեցի նրան, ասացի, որ ես նրա տրամադրության տակ եմ և ինձ կարող է ցանկացած պահի զանգ տալ»,- ասել է դերասանուհին։

«Ըստ էության, կարիերաս սկսել եմ պահեստային ընտրություն լինելով»,- հավելել է նա։