Սերժ Թանկյանի «Հայաստան» երգի ողջ հասույթը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գրասենյակից։ Երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:

«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին»,- նշել է Սերժ Թանկյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Թանկյանին իր բանաստեղծության հիման վրա երգ գրելու համար։