Բրեդ Փիթը ծաղրել է Դոնալդ Թրամփին՝ մարմնավորելով ԱՄՆ գլխավոր վարակաբանին (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Saturday night live սքեչ շոուի ընթացքում մարմնավորել է գիտնական, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ գիտնականը վերջերս ցանկություն էր հայտնել, որ շոուի նոր եթերաշրջանում իրեն մարմնավորի օսկարակիր դերասան: Նրա ցանկությունն իրականացրել են:

Տեսանյութը, որը նկարահանվել է ինքնամեկուսացման պայմաններում, հրապարակվել է համացանցում:

Փիթը նստած է սեղանի շուրջ, կրում է կեղծամ, ակնոց և Ֆաուչիի կերպարում մեկնաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ արտահայտություններ՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ:

Այսպես, ԱՄՆ առաջնորդն իր ելույթներից մեկում նշում է, թե վարակի բռնկումը կանհետանա «հրաշքի նման»: Հումորային հոլովակում այս առնչությամբ Փիթը կատակում է.

«Հրաշքը, իհարկե, հիանալի է: Հրաշքներ ո՞վ չի սիրում: Սակայն դրանք չպետք է լինեն պլան «Ա»: Նույնիսկ Սալլին (խմբ.՝ օդաչու Չեսլի Սալլենբերգը, որը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Գուձոն գետի վրա) մինչև վերջ ծրագրում էր վայրէջք կատարել օդանավակայանում»:

Փիթը նաև կատակել է Թրամփի այն հայտարարության շուրջ, թե Covid-19-ի պատվաստանյութը ստեղծվելու է «հարաբերականորեն շուտ»:

«Ինչ հետաքրքիր արտահայտություն է»,- ասում է Փիթը,- «Հարաբերականորեն երկրի ամբողջ պատմությա՞ն մեջ, իհարկե, եթե պատվաստանյութը ստեղծվի շատ արագ… Բայց եթե դուք ձեր ընկերոջը ասեք, որ «հարաբերականորեն շուտ» տեղ կհասնեք, սակայն հայտնվեք կես տարի անց, ապա նա հարաբերականորեն բարկացած կլինի»:

Տեսանյութի ավարտին դերասանը հանում է կեղծամը և շնորհակալություն հայտնում իրական Էնթոնի Ֆաուչիին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հոլովակը Youtube-ում գրեթե 10 միլիոն դիտում և 150 հազար լայք է հավաքել: