«Երբեմն ամեն բան վերահսկողությունից դուրս է գալիս»․Գոհար Հարությունյանը կարանտինի հետևանքների և գողության տհաճ միջադեպի մասին

Համավարակի հետևանքով առաջացած իրավիճակն ամբողջովին փոխում է բոլորիս առօրյան, և բացառություն չեն կազմում նաև հայտնի մարդիկ, ովքեր հասարակական ակտիվ կյանքից հետո ավելի մեծ դժվարությամբ են հարմարվում ինքնամեկուսացման կանոններին։
«Տղաս հաճախակի տանից փախչում է, և այդքան երեխաների մեջ երբեմն ժամեր անց եմ գլխի ընկնում, որ տանը չի»,- Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է  «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն և հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանը, իր հետ կատարված տհաճ միջադեպի և կարանտինի մասին։
Օրեր առաջ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ Գոհար Հարությունյանի տան աշխատողներից մեկը 7 տարի շարունակ տանից գողություն է կատարել։

«Մեր տան գողությունը ո՛չ առաջին և ո՛չ էլ անգամ չորրորդ դեպքն էր: Ամեն անգամ ինձնից երկար ժամանակ էր պահանջվում հասկանալու համար, թե ո՞վ է գողության հեղինակը, բայց միշտ անաղմուկ ազատում էի աշխատանքից»,- պատմում է Գոհարն ու հավելում․ «Ցավով պետք է նշեմ, որ զգալիորեն շատացել են գողությունները, և դա մասամբ կապում եմ համաներման և անպատժելիության հետ: Ինձ միշտ տանջել է այն միտքը, թե ո՞ւմ փոխանցեցի գողին, ինչքա՞ն վնաս կտա՝ մինչ կհայտնաբերեն գողությունը։
Այս անգամ ոստիկանություն դիմելու համար երեք օր մտածել եմ և որոշել, որ այս դեպքի մասին պետք է իմանան հանցագործի բոլոր գործատուները, և միջադեպը պետք է ապացուցված լինի ոստիկանության կողմից: Չնայած ոստիկանության օպերատիվ և բարեհամբյուր աշխատանքին՝ անչափ տհաճ էր ամբողջ ընթացքը: Ես տարել էի ոստիկանություն մի մարդու, ում սուրբ էի համարում: Նա այդքան տարիներ ձևանում էր հավատացյալ, աստվածավախ, հրաժարվում էր մսից, տաբատ չէր կրում, միշտ հագնում էր մոլոկանների գլխաշորը: Տարիների ընթացքում ձեռք էր բերել վստահություն, և մենք իր հանդեպ միշտ հարգալից վերաբերմունք էինք ցուցաբերում»:

Հարությունյանը վստահեցնում է, որ նյութական վնասն իրեն չի ցավեցնում այնքան, որքան վիրավորանքը և զարմանքը, թե ինչերի են մարդիկ ընդունակ։ Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հայտնված բազմաթիվ գործատուներ նամակներ են իրեն գրում՝ ասելով, որ ոգևորվել են իր համարձակությամբ և հաջորդ անգամ իրենք էլ կդիմեն իրավապահ մարմիններին` անազնիվ աշխատողներին պատժելու համար:
Գեղեցկուհուն վրդովվեցնում ու զարմացնում է այն փաստը, որ  գտնվում են մարդիկ, ովքեր արդարացնում են հանցագործությունը:
«Դա խոսում է տարբեր բարոյական արժեքներ ունենալու մասին»,-կարծում է Գոհարն ու խորհուրդ տալիս նմանատիպ իրավիճակում հայտնված մարդկանց․«Եթե բոլորս ոչ թե մտածենք միայն մեր մասին, այլ լինենք սոցիալապես պատասխանատու, ապա կարող ենք ոչ թե մեծահոգի լինել հանցագործների, այլ հաջորդ տուժողների հանդեպ: Դրա համար, ընդամենը, պետք է վստահել իրավապահ մարմիններին, որոնք միշտ պատրաստ են արագ արձագանքելու»:

Գոհար Հարությունյանը նաև խոսում է այն կարևոր ծրագրերի մասին, որոնք հետաձգվեցին կարանտինի պատճառով։
«Մինչ կարանտինը ես զբաղված էի իմ մշտական գործունեությամբ, արդեն այս տարվա համար ստացել էի «Միսս Աշխարհ» մրցույթում «Միսս Տիեզերքվ»  հեղինակավոր մրցույթներում Հայաստանը ներկայացնելու արտոնությունը, և շատ մեծ ոգևորությամբ մեր թիմով նախապատրաստական աշխատանքների մեջ էինք: Հիմա արդեն ամեն բան անհայտ է»,-ասում է Հարությունյանն ու ավելացնում, որ այժմ ամբողջ աշխարհում գեղեցկության մրցույթներից շատ ավելի առաջնային խնդիրներ կան լուծելու:
Նոր ծրագրեր նույնպես կան, սակայն դրանք կվերսկվեն միայն կարանտինի ավարտից հետո։

Դժվար է հավատալ, բայց գեղեցկուհի Գոհարը հինգ երեխաների մայր է․ նա խոսոտվանում է, որ կարանտինային արձակուրդները որոշակի դժվարություններ են առաջացրել իր կյանքում։
«Երեխաներից երեքը անցնում են առցանց ուսուցում, որը բավականին նյարդայնացնող է, երբ ինտերնետային կապը տատանվում է, երեխաները աղմկում են, տան անդամներն են աղմկում, և հաճախ այդ ամենը վերածվում է քաոսի։
Տղաս առաջին դասարանում է սովորում, և օրվա մեջ երկու-երեք ժամ դաս ենք պարապում։ Նրա հետ նաև ֆրանսերեն ենք սովորում»,- ասում է մոդելը։

«Երբեմն, իհարկե, ամեն բան միանգամից վերահսկողությունից դուրս է գալիս` աղմկում են, կռվում, միմյանց վնաս տալիս, կտրուկ շարժումներ անում, լացում….»,-պատմում է բազմազավակ մայրիկն ու խոստովանում՝ ինչպես է չարաճճի որդին իրեն պարբերաբար վախեցնում ․«Տղաս հաճախակի տանից փախչում է, և այդքան երեխաների մեջ երբեմն ժամեր անց եմ գլխի ընկնում, որ տանը չի և չգիտեմ՝ ուր է գնացել: Նա մեզ հետ ընկերություն չի սիրում անել, ընկերներ է փնտրում»:

Շատերը զարմանում են, թե ինչպես է գեղեցկուհին կարողանում համատեղել իր դժվար աշխատանքը հինգ երեխաների դաստիարակության հետ։ Բանն այն է, որ Գոհարը երկու իր պես գեղեցկուհի դուստր ունի, ովքեր մայրիկին օգնում են տնային գործերում և զույգերի խնամքի հարցում։ Աղջիկներն այդ ամենի հետ մեկտեղ հաճախում են նաև վոկալի դասերի և ամեն երեկո կարճ համերգ են կազմակերպում ընտանիքի անդամների համար։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան