«Մեկ մարզ, մեկ երգ»․ ինչպե՞ս արգենտինայից ժամանած երգչուհին սովորեց հայերեն և ստեղծեց երաժշտական կամուրջ Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև

«Իսպաներեն և հայերեն երգելն այն է, ինչը ձևավորում է իմ ինքնությունը»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը, ով Հայաստանում իրականացնում է «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջում է Հայաստանի մարզերով, Արցախի շրջաններով և յուրաքանչյուր մարզում տեղացի երաժիշտների կամ խմբերի հետ ձայնագրում մեկ համատեղ երգ, նկարահանում տեսահոլովակ՝ ցուցադրելով այդ մարզի կամ շրջանի դիտարժան վայրերը։ Նախագծի նպատակն է փոխել սփյուռքում Հայաստանի ու հայկական երաժշտության մասին պատկերացումները, ինչպես նաև երաժշտական կամուրջ ստեղծել Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի միջև։

Ալին Դեմիրճյանը երգել սիրել է դեռ մանկուց, որովհետև ինքն իր հետ կապը հիանալի զգում է հենց երգի ժամանակ։ 15 տարեկանից տաղանդավոր երգչուհին արդեն սկսել է գրել իր առաջին երգերը, իսկ տարիներ անց ձայնագրել է առաջին ալբոմը։
Աստիճանաբար սկսել է համերգներով հանդես գալ Արգենտինայի տարբեր քաղաքներում և գյուղերում, բայց երբեք չի դադարեցրել շփումը հայ համայնքի հետ։
Ալինն Արգենտինայում զբաղվել է սոցիալական աշխատանքներով, բայց, ինչպես ինքն է ասում ՝ «իմ տարերքը երաժշտությունն էր»։
Ալինը յոթ տարի շարունակ աշխատել է նաև Բուենոս Այրեսի հայկական երկու դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և երաժշտության ուսուցչուհի։ Ընկերուհու հետ, որը նույնպես ուսուցչուհի էր հակական դպրոցում, հայ երեխաների համար ստեղծել էին «Ալին ու Թալին» երաժշտական դուետը։
Այսպես նա շարունակեց իր ճանապարհը մինչև սկսվեց «Մեկ Մարզ, մԵկ երգ» նախագիծը։

– Ինչպե՞ս առաջացավ «Մեկ մարզ, մեկ երգ» նախագծի մտահաղացումը։

-Գաղափարը ծնվեց մայրիկիս հետ Արցախով ճանապարհորդելիս ՝ դեռևս 2018-ի հուլիսին: Մենք ճանապարհորդում էինք Երևանում, երբ լսեցինք մի տիկնոջ, ով նվագում էր ակորդեոն և երգ էր երգում:
Այդ պահին ես զգացի մի շատ առանձնահատուկ բան, և գլխումս ծագեց Հայաստանում և Արցախում երաժշտական նախագիծ պատրաստելու գաղափարը, որի շնորհիվ ես կարող էի հանդիպել տեղական տարբեր արվեստագետների և կիսվել նրանց հետ:
Երբ մենք վերադարձանք Երևան, ես արդեն իմ գլխում ունեի ծրագրի անվանումը։

-Ինչպե՞ս կարողացաք լուծել ֆինանսավորման հարցերը։
-Երբ վերադաձա Արգենտինա, ես սկսեցի գրել ու պլանավորեցի նախագիծը, որպեսզի կարողանամ ֆինանսավորում փնտրել:
Դժվար էր գրել ամբողջ նախագիծը և գտնել, թե ով է այն կֆինանսավորի: Բայց ես վերջապես գտա:
Անձնական մարտահրավեր էր այս նախագիծն ինձ համար այն առումով, որ այն առաջինն էր, որը ես ինքս եմ ղեկավարել և արտադրել: Ես շատ բան սովորեցի՝ կազմելով աշխատանքային թիմը, զբաղվելով կազմակերպության դժվարությունների, պլանավորման, բյուջեի և ժամանակի հետ։
Նախագիծը ֆինանսավորվում է, մեծ մասամբ, «Birthright Armenia» (Դեպի Հայք) կազմակերպության կողմից ինձ տրված դրամաշնորհի շնորհիվ: Այնուհետև օգնություն ստացա նաև «Իմ քայլը» հիմնադրամից և «ՀԲԸՄ»-ի կողմից:

-Լինելով Բուեոնոս Այրեսից՝ դժվա՞ր չէր Հայաստանում գտնել համախոհներ ու ստեղծագործական գործընկերներ։
-Շատ դժվար էր աշխատանքային թիմը կազմելը, բայց Հայաստանում ընկերների օգնությամբ ես կարողացա դա անել, և միասին հավաքեցինք հիանալի թիմ:

Դուք դեռ նոր եք սովորում հայերեն, դժվա՞ր չէր երգելը հայերեն բարբառներով։
-Ինձ համար մարտահրավեր էր նաև սովորելը, այդքան շատ երգեր հայերենով ձայնագրելը՝ մանավանդ տարբեր բարբառներով և տարբեր ոճերով:

– Արգենտինայից որոշեցիք տեղփոխվել Հայաստան, դժվա՞ր տրվեց Ձեզ այդ որոշումը։ Մշտակա՞ն բնակություն եք հաստատել Հայաստանում, թե՞ ցանկանում եք վերադառնալ։

-Ես ժամանել եմ Երևան 2019-ի օգոստոսին ՝ նախագիծն իրականացնելու համար: Դեկտեմբերին տեղափոխվեցի Գյումրի: Ինձ շատ դուր է գալիս այստեղ, և ես շատ կցանկանայի մնալ և ապրել: Ես շատ ոգևորված եմ այս գաղափարով, քանի որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, հանգիստ ապրելու տեղ և տարածք, որտեղ գաղափարները հնարավոր է առաջ տանել: Իհարկե, կարոտում եմ ընտանիքիս և իմ ընկերներին, բայց այստեղ Հայաստանում ես ունեմ լավ ընկերներ և սիրելի մարդիկ: Առաջիկա ամիսներին ես կվերլուծեմ և որոշում կկայացնեմ:

 – Ի՞նչ տվեց Ձեզ այս նախագիծը
– Այս նախագիծը հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր անկյան հետ, նրա մշակույթի մի մասը դառնալ, ծանոթանալ ժողովրդին և նրա պատմությանը:
Նաև որպես երաժիշտ ձայնագրեցի երգեր շատ լավ երաժիշտների հետ, տարբեր ոճերում, և դա ինձ շատ հարստացրեց երաժշտական մակարդակով:

Բայց, անկասկած, ամենագեղեցիկ բանը, որ ինձ տվեց այս նախագիծը, մարդկանց հանդիպելու հնարավորությունն էր։ Դա փորձ է, որը ես երբեք չեմ մոռանա:

-Հանդիպե՞լ եք որևէ դժվարությունների նախագծի իրականացման ընթացքում։
-Շրջայցի ընթացքում մենք որոշակի խնդիրներ ունեցանք, բայց համոզված եմ, որ շատ ավելի լավ ժամանակներ էլ կային:
Մեր ունեցած որոշ խնդիրներ կապված էին եղանակի հետ (անձրև և մառախուղ), քանի որ ստիպված էինք մի քանի անգամ փոխել ձայնագրման և նկարահանման ծրագրերը: Դա ժամանակի կորստի պատճառ դարձավ, բայց, բարեբախտաբար, մենք կարողացանք ամեն ինչ լուծել ժամանակին:

– Հիմա ինչպե՞ս եք անցկացնում Ձեր առօրյան կարանտինի ընթացքում։
Ի՞նչ ծրագրեր ունեիք, որոնք հետաձգվեցին համաճարակի հետևանքով։
– Ես պատրաստվում էի մարտի 30-ին վերադառնալ Արգենտինա, բայց կարանտինի շնորհիվ ես մնացել եմ Գյումրիում: Այստեղ ես լավ եմ, բայց անհանգստացած եմ, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ: Ես շարունակում եմ աշխատել նախագծի տարածման վրա, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն մեր դրվագները և լսեն մեր ձայնագրած երգերը տարբեր երաժիշտների հետ: Նաև գրում եմ նոր երգեր:

– Նախագիծն արդեն ավարտվել է, ինչո՞վ եք պատրստվում զբաղվել հիմա։
  -Ես ուզում եմ շարունակել սովորել վարսավիրությունը, քանի որ դա մի բան է, որը ես, իսկապես, սիրում եմ։ Իմ պլաններն են, ինչպես միշտ, շարունակել գրել ու ձայնագրել երգերը:

«Մեկ մարզ, մեկ երգ» ծրագրի շրջանակներում նկարահանվել են հայերեն լեզվով երաժշտական տարբեր ոճերի 19 երգ-տեսահոլովակներ ՝ 11-ը Հայաստանում և 8 -ը Արցախում:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան