2020թ. առաջին անգամ «Օսկար»-ի հավակնորդ կարող են դառնալ նաև կինովարձույթում չհայտնված ֆիլմերը

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի ցանկկում կներառի նաև այն ֆիմերը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել առցանց, գրում է The Guardian-ը։

«Այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունն ի սկզբանե նախատեսված էր կինոթատրոններում, բայց որոնք թողարկվել են առևտրային սթրիմինգային ծառայություններում կամ VOD հարթակներում (վիդեո հարթակներ), կարող են հավակնել լավագույն ֆիլմի, հիմնական և հատուկ անվանակարգերում առաջադրվելուն»,- ասված է հայտարարությունում։

Ավանդաբար «Օսկար»-ի անվանակարգորդ կարող էին դառնալ միայն այն ֆիլմերը, որոնք մրցանակի հանձնմանը նախորդող օրացույցային տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթ եղել են Լոս Անջելեսի ցանկացած կինոթատրոնի վարձույթում: Կանոններում փոփոխություններ կատարելու որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոթատրոնների փակման հետ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ բացառությունը վերաբերում է միայն «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությանը, որը նախատեսված է անցկացնել 2021 թվականի փետրվարի 28-ին, և կդադարի գործել «ակադեմիայի կողմից սահմանված օրը՝ կինոթատրոնների վերաբացումից հետո»։

Նշվում է, որ «Օսկար»-ին հավակնելու համար ֆիլմը թողարկման օրվանից 60 օրվա ընթացքում պետք է տեղադրվի ակադեմիայի սեփական սթրիմինգային կայքում։