Մահացել է Բոլիվուդի աստղ Ռիշի Կապուրը

Մահացել է Բոլիվուդի աստղ 67-ամյա Ռիշի Կապուրը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաընկերությունը։ Դերասանի մահվան պատճառը չի նշվում։
Նրա դերասանական ճակատագիրը կանխորոշված էր դեռ ծննդյան պահից. չէ՞ որ նա հայտնի դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին էր։
Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է 1970 թվականին, իր հոր՝ Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում։

Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր․ դերասանն արժանացավ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի՝ մանկական լավագույն դերի համար։
Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում։ Դա 1973 թվականին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։
Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի Դիմփլ Կապադիան ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ։
Կապուրի կինը հայտնի դերասանուհի Նիտու Սինգն է։ Աստղային զույգի երեխաները նույնպես որոշել են գնալ իրենց ծնողների ճանապարհով․ նրանց որդին՝ Ռանբիր Կապուրը նույնպես ճանաչված ու սիրված դերասան է։