Մահացել է 90-ականների հայտնի երգչուհի Նինա Կիրսոնը

Մահացել է 56-ամյա երգչուհի, «Ֆրիսթայլ» կուլտային խմբի մենակատար Նինա Կիրսոնը։ Այս մասին հայտնում է խմբի անդամ Սերգեյ Կուզնեցովը՝ իր ինստագրամյան էջում ցավակցելով Կիրսոնի մտերիմներին ու հարազատներին։
Երգչուհու մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին երկու տարիների ընթացքում նրա առողջությունը գնալով վատթարանում էր։ 2018 թվականի ամռանը հայտնի էր դարձել, որ երգչուհին ուղեղի կաթվածից հետո բարդ վիրահատություն է տարել և կոմայի մեջ ընկել։

Սերգեյ Կուզնեցովն իր հայտարարության մեջ նշում է, որ երգչուհու ավանդը «Ֆրիսթայլ» կուլտային խմբի ստեղծման ու զարգացման մեջ անգնահատելի է։ Կիրսոնը ոչ միայն խմբի մենակատարն էր, այլ նաև տասնյակ երգերի հեղինակը։
«Ֆրիսթայլ» խումբը մեծ ճանաչում ուներ 1990-ական թվականներին:
Առավել հայտնի էին «Белая метелица», «Ах, какая женщина», «Больно мне, больно» երգերը։