Մեգան Մարքլը բարեգործական արշավի շրջանակում մեկամյա որդու հետ ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի որդին՝ մեկամյա Արչի Հարիսոն Մաունթբեթեն Վինձորը, մոր հետ հայտնվել է Save The Children կազմակերպության նախաձեռնության շրջանակում նկարահանված տեսանյութում, գրում է Daily Mail-ը։

Անցած հանգստյան օրերին արքայազն Հարիի կողմից նկարահանված տեսանյութում Մեգան Մարքլը որդու համար ընթերցում է Duck! Rabbit! մանկական գիրքը։ Տեսանյութը մեծ ոգևորությամբ է ընդունվել թագավորական զույգի երկրպագուների կողմից: Նրանք նշել են, որ Արչին «հոր կրկնօրինակն է»։

Տեսանյութը հրապարակվել է Save The Children կազմակերպության ինստագրամյան օգտահաշվում և կազմում է հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Գարների աջակցությամբ մեկնարկած #SavewithStories բարեգործական արշավի մի մասը: Արշավի նպատակն է միջոցներ հավաքել Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսային ճգնաժամից տառապող երեխաների և ընտանիքների համար։ Արշավին մասնակցում են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Էդի Ռեդմենը, Ջենիֆեր Գարները և Լիլի Ջեյմսը:

Տեսանյութը հրապարակվել է հետևյալ գրառմամբ.«Duck! Rabbit!՝ Սասեքսի դքսուհի Մեգանի և դուքս Հարիի հետ։ Նրանք ընթերցում են իրենց որդի Արչիի առաջին տարեդարձի կապակցությամբ: Ծնունդդ Շնորհավոր, Արչի»։