Մեծ Բրիտանիայում համավարակի ժամանակահատվածում արված լուսանկարների մրցույթ են հայտարարել

Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթը հայտարարել են երկրում կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում լուսանկարչական մրցույթի անցկացման մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայությանը:

«Քեմբրիջի դքսուհին և Ազգային պատկերասրահը հրավիրում են բրիտանացիներին լուսանկարներ ուղարկել HoldStill2020 («Մի շարժվեք 2020») գրությամբ, որոնք արվել են համավարակի ընթացքում»,- ասվում է Քենսինգթոնյան պալատի ինստագրամյան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ լուսանկարներ կարելի է ուղարկել երեք հիմնական անվանակարգերում՝ «օգնականներ և հերոսներ», «ձեր նոր իրականությունը» և «բարի գործեր»:

Մրցույթի արդյունքներով 100 լավագույն լուսանկարներ կընտրվեն և կցուցադրվեն առցանց ցուցահանդեսում: