Համաշխարհային մամուլը քննարկում է Միշել Օբամային. նրա մասնակցությամբ ֆիլմը ուշադրության կենտրոնում է հայտնվել

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գրքի հրատարակվելուց 2 տարի անց նրա թիմը, գործակցելով Netflix-ի հետ, ներկայացրեց համանուն վավերագրական ֆիլմը։ Ու ինչպես պատահում է Օբամաների հետ, դարձավ մամուլի թիվ մեկ թեման։

«Becoming» ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այն ժամանակ, երբ Միշել Օբաման հանդիպում էր ընթերցողների հետ՝ գովազդելով իր գիրքը։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է: Մյուս հատվածում՝ կուլիսային հարցազրույցներ են ու պատմություններ:

Բայց այստեղ արտասովորն այն է, որ գրքի շնորհանդեսները տեղի էին ունենում ոչ թե գրախանութներում կամ մեծ սրահներում, այլ ամերիկյան խոշոր քաղաքների մարզադաշտերում կամ մարզահամերգային համալիրներում։ Օբամային տեսնելու և լսելու համար գալիս էին հազարավորներ։

Ավելին, ամեն անգամ Օբաման իր հանդիպումների համար ընտրել է ամերիկյան աստղի, որը կվարեր երեկոն և գրքի վերաբերյալ հարցեր կտան։ Այդ դերում եղել են Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսպունը և ուրիշներ։

Ֆիլմում Օբաման անկեղծորեն պատմում է իր մանկության, պատանեկության և Սպիտակ տան տարիների մասին։