«Մի լավ կարոտս առա»․Անդրե Սիմոնյանը՝ երկու կարևոր միջոցառման և կարանտինի մասին

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամ և Adana Project ռոք խմբի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, ով այժմ գտնվում է Անգլիայում, կայքի հետ զրույցում պատմում է երկու կարևոր միջոցառման մասին, որոնք հետաձգվեցին կորոնավիորւսի հետևանքով ու նաև կիսվում իր կարանտինային առօրյայի մանրամասներով։

-Ի՞նչ կարևոր ծրագրեր ունեիք, որոնք հետաձգվեցին համավարակի հետևանքով։
-Ապրիլին ունեի 2 կարևոր ծրագիր։ Առաջինը՝ մեր խումբը երեք տարի դադարից հետո միավորվելու էր․ երեք տարբեր երկրներից անդամները միանալու էին և The Beautified Project-ի 15-ամյակի առթիվ ելույթ էինք ունենալու Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, սակայն դա չեղարկվեց։ Շատ ափսոս, որովհետև լուրը շատ լավ էին ընդունել մեր խմբի երկրպագուները։
Մյուս կարևոր միջոցառումը՝ Adana Project-ի առաջին ալբոմի՝ «Վերադարձ»-ի շնորհանդեսն էր, սակայն դա էլ չեղարկվեց։

-Կկայանա՞ն կարանտինի ավարտից հետո այդ երկու միջոցառումները։
-Հուսամ։ Մեր The Beautified Project -ի համերգի կազմակերպումը ավելի բարդ է, որովհետև միավորվելու ենք 3 տարբեր երկրներից, հույս ունեմ այնքան չի ձգվի, որ 16-ամյակը նշենք։ Իսկ Adana Project-ի ալբոմի շնորհանդեսը ավելի հեշտ է, որովհետև բոլոր անդամները Հայաստանում են, և ալբոմն էլ արդեն պատրաստ է վաճառքի համար։

-Ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Adana Project-ի հետ։
-Adana Project-ը, իսկապես, շատ կարևոր խումբ է Հայաստանում, և նրա կարևորությունը տարիներ անց կզգացվի։ Կարևոր քայլն այն է, որ նրանք հին հայրենասիրական, գուսանական, ազգագրական երգերը մատուցում են ռոք ֆորմատով, որովհետև եթե նկատել եք՝ ռոք երգողները հեռու են եղել ժողովրդական երգերից։ Ադանան դարձել է մի կամուրջ մոդեռն ներկայացման ու հին հայկական կառույցի միջև։

-Դուք նույնպես ունեիք նման ստեղծագործություններ՝ «Կիլիկիա»-ն, «Արագիլը»։ Ինչո՞ւ չշարունակեցիք։
-Մենք՝ մեր The Beautified Project-ով արել ենք նման բան մի քանի անգամ, բայց քանի որ մենք ավելի կենտրոնացած էինք երգերը ներկայացնել անգլերեն լեզվով, մեր առաքելությունը տարբերվում էր Adana Project-ից․ ուրախ եմ, որ աջակցում եմ Adana Project-ի առաքելությանը՝ հինը պահել կենդանի։
Հինը կենդանի պահել և ժամանակակից ձևով մատուցել, որը հասանելի է դարձնում այդ երգերն այսօրվա սերնդին։ Հենց սա է շանս տալիս հին երգերին ապրելու։

-Այս ընթացքում ուրիշ ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում։
-Ես արդեն 3 տարի է՝ աշխատում եմ զուգերգերից բաղկացած ալբոմի վրա, որի բոլոր երգերը ունենալու են տեսահոլովակներ։
Ամենավերջին տեսահոլովակը, որը թողարկվեց այդ շարքից, իմ և Սևակ Ամրոյանի զուգերգն էր, որը բարձր գնահատականի արժանացավ։ Ես գիտեի, որ կսիրվի այդ երգը, բայց որ այսքան՝ չէի պատկերացնում։ Կթողարկեմ այդ ալբոմը, որտեղ զուգերգերով հանդես եմ գալիս տարբեր ոճերով ու տարբեր արտիստների հետ։

-Ինչպե՞ս ստացվեց Սևակ Ամրոյանի հետ համագործակցությունը։
-Սևակ Ամրոյանի հետ 10 տարի է, ինչ ընկերներ ենք։ Ծանոթացել եմ իմ գործընեկրոջ միջոցով, և այդ ժամանակներից լավ ու մտերիմ ընկերներ ենք։
10 տարի է միշտ խոսում էինք, որ պետք է նման բան ներկայացնենք, սակայն այս ընթացքում ես միշտ կենտրոնացած էի The Beautified Project վրա, և ժամանակ չէր լինում։ Ու հենց որոշեցի թողարկել զուգերգերի ալբոմը, նա առաջիններից էր, ում հետ որոշեցի համագործակցել։

Ո՞րն էր կարանտինի ամենամեծ առավելությունը Ձեր կյանքում։
-Կարանտինի ընթացքում ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ծնողներիս հետ շփումն էր։ Քանի որ ես շատ զբաղված եմ ու մշտապես ճամփորդությունների մեջ եմ, պարտադիր տանը մնալով՝ մի լավ կարոտս առա ծնողներիցս։ Նրանց հետ հանգիստ նստել, զրուցել, ուտեստներ պատրաստել․ այս ամենը շատ հաճելի է ինձ համար։
Կորոնավիրուսն ընդմիշտ փոխեց մեր իրականությունը։ 21-րդ դարի կյանքը շատ ռոբոտացված էր, և մի պահ ընդմիջում տրվեց այդ կյանքին, ու ժողովուրդը սկսեց շփվել ընտանիքների հետ, սկսեց ավելի լավ ճանաչել հայելու միջի մարդուն։
Կորոնավիրուսի ամենալավ կողմը այն էր, որ բնությունը շանս ունեցավ շնչել ու ձերբազատվել մարդ արարածից,  նաև բնությունը ապացուցեց, թե ինքը որքան հզոր է,  որ կարող է հայտնվել վիրուսի ձևով ու դառնալ անտեսանելի թշնամի՝ խեղճացնելով իրեն հզոր ու խելացի համարող մարդ արարծին։ Հույս ունեմ այս ամենի ավարտից հետո ավելի կհարգենք մեզ շրջապատող բնությունը։
Սակայն ամենավատ կողմը այն է, որ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում օնլայն, ինչը բթացնում է մեզ։

-Ստեղծագործել, նկարահանել տեսահոլովակներ, լինել The Beautified Project-ի անդամ և Adana Project-ի պրոդյուսեր՝ միաժամանակ անդադար ճամփորդելով․ ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս ամենը։
-Ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, հատկապես, երբ աշխատանքի միակ նպատակը գումար վաստակելը չէ։
Ուրախ եմ, որ իմ աշխատանքի բնույթը թե՛ Անգլիայում, թե՛ Հայաստանում կրեատիվ բնույթ է կրում։ 2019-ի մայիսին ինձ մոտ ախտորոշվեց գերհոգնածություն և ես իմ բժշկի խորհրդով 2 ամիս փորձում էի ոչինչ չանել, ինձ ավելի հանգիստ էի պահում։

-Իսկ աստղային հիվանդությունը Ձեզ չի՞ սպառնում։
-Ես չգիտեմ՝ ինչպես է մարդկանց մոտ առաջանում այդ հիվանդությունը։ Մեր երկրպագուներին ես միշտ համարել եմ մեր արվեստի երկրպագուներ, ինչն ինձ օգնել է չկտրվել իրականությունից։
Մեր արվեստի երկրպագուներին համարել եմ մեր փոքր ընտանիքի՝ The Beautified Project խմբի մեծ տարբերակը։ Փորձել եմ նրանց հետ հնարավորին չափով շփվել ու շատ բան եմ նրանցից սովորել, հույս ունեմ՝ նրանք էլ մի քանի բան քաղել են մեզնից։

 

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան