«Բոլոր նախագծերն անժամկետ հետաձգվել են»․ Սաթենիկ Հազարյանը՝ կարանտինային առօրյայի, երեխաների, հետաձգված պրեմիերայի և մյուս նորությունների մասին

Կարանտինն արդեն մոտենում է իր ավարտին և շատերը նույնիսկ հասցրել են վերադառնալ իրենց աշխատանքին ու բնականոն առօրյային։ Ոմանք էլ դեռ շարունակում են մնալ տանը և փորձում են գտնել նոր ու հետաքրքիր տարբերակներ իրենց առօրյան ավելի բազմազան ու զվարճալի դարձնելու համար։ Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը կիսով չափ է վերադարձել իր աշխատանքային գրաֆիկին․ հաղորդավարուհին շարունակում է իր աշխատանքը «Բարի լույս»-ում, սակայն դերասանական կարիերան շարունակելու հնարավորություն դեռևս չունի։

ShowBiz.am-ի հետ զրույցում Սաթենիկը մեզ պատմեց իր աշխատանքային գրաֆիկից, ընտանեկան առօրյայից ու կարանտինից, խոսեց հետաձգված պլաններից, երեխաներից, ինչպես նաև առաջիկա ծրագրերից։

«Մեզ մոտ «Բարի լույս»-ը չի ընդհատվել։ Ի ուրախություն թե՛ մեզ և թե՛ մեր հեռուստադիտողի՝ մեր եթերը շարունակվում է, և ես ամեն առավոտ գնում եմ աշխատանքի։ Իսկ դրանից հետո արդեն ամբողջ օրը տանն եմ լինում, փորձում եմ բոլոր կանոնները պահպանել ու հիմնական ժամանակս տրամադրում եմ երեխաներիս։ Նախկինում նկարահանումներին զուգահեռ ես չէի հասցնում երեխաների հետ լիարժեք զբաղվել»,- պատմում է դերասանուհին և հավելում․ «Քանի որ մանկապարտեզը չկա, իսկ երեխաս՝ փոքրը, այս տարի պետք է գնա դպրոց, իրենով եմ հիմնականում ավելի շատ զբաղվում, նախադպրոցական գրքեր եմ շատ գնել, որոնք զարգացնում են մտածողությունն ու ինտելեկտը։ Իսկ տղաս օնլայն է իր դասերն անում, դրա հետ մեկտեղ էլի պարապմունքներ ունի։ Փորձում ենք հնարավորինս ամեն բան անել, որպեսզի չձանձրանանք, շատ ժամանակ եմ հատկացնում նաև տան գործերին։  Պահարանումս խառնաշփոթ էր, խառնվել էին առօրյա ու եթերային զգեստներս, դա եմ կարգի բերել, նաև ժամանակ եմ գտել դիտելու այն ֆիլմերը, որոնք վաղուց էի ծրագրել նայել, սակայն ժամանակ չէի ունենում։ Նոր նախագիծ ունեի մտքիս, ճիշտ է՝ դեռ վաղ է որևէ բան բացահայտելու համար, սակայն հիմա դրա վրա էլ եմ աշխատանքներ տանում»։

Սաթենիկի և երեխաների առօրյայի անբաժան մաս են դարձել ֆիլմերն ու սերիալները, որոնք, ըստ դերասանուհու, ուսուցողական են և օգնում են առօրյան է՛լ ավելի հետաքրքիր դարձնելու հարցում․ «Ճիշտ է՝ երեխաներս դեռ փոքր են, բայց նրանց հետ շատ եմ ֆիլմեր, սերիալներ դիտում։ Տղաս 13 տարեկան է, աղջիկս՝ Լյուսին՝ հինգ, սակայն դա չի խանգարում, որպեսզի մենք՝ ընտանիքով, կարողանանք հաճելի ու ամենակարևորը՝ նրանց համար թույլատրելի ֆիլմեր դիտել։ Փոքրս ունիկալ է, երկու-երեք տարեկանից կարողանում է չձանձրանալ և հանգիստ դիտել մինչև երկու ժամանոց ֆիլմեր էլ, սակայն դա անպայման ուղեկցվում է հարցերով, իսկ ես պարտադիր պետք է բավարարեմ նրա հետաքրքիրասիրությունը»։

Հաղորդավարուհին զրույցի ընթացքում նաև հավելեց, որ վերջին ժամանակահատվածում նաև դուրս են գալիս զբոսնելու, դա ևս շատ է օգնում իրենց  առօրյան գունավորելու հարցում։

Սաթենիկ Հազարյանը բազմաթիվ կիսատ մնացած գործեր ունի թե՛ թատրոնում և թե՛ հեռուստատեսությունում։ «Շատ-շատ պլաններ կային, որոնք ընդհատվեցին։ Ներկայացում ունեինք, որը պիտի հյուրախաղերի գնար, նոր՝ «Կապիր ինձ մահճակալին» ներկայացման պրեմիերան պետք է կայանար, սակայն դա էլ հետաձգվեց, արդեն պլանավորված էր ներկայացման պրեմիերայի օրն ու ժամը, տոմսերն էլ վաճառված էին․․․ Բոլոր նախագծերն անժամկետ հետաձգվել են, որպես դերասան շատ եմ նեղվում, ես ինձ չեմ կարողանում ռեալիզացնել։ Ինձ մոտ էներգիան շատ-շատ է, որքան էլ որ երեխաներս շատ էներգիա են խլում, ու ես պետք է որ արագ հոգնեի, սակայն այդպես չի լինում։ Բացի այդ՝ որպես մայր, կարելի է ասել, ես ունիկալ եմ, որովհետև երբեք չեմ գոռում իմ երեխաների վրա, ընկերուհիներս էլ կարող են փաստել, որ դա իրոք այդպես է, եթե հակառակը լիներ, գուցե դրա օգնությամբ էներգիաս սպառեի»,- կատակում է դերասանուհին։

Որպես դերասանուհի՝ այս ընթացքում Սաթենիկն առաջին հերթին կարոտել էիր ներկայացումները, հանդիաստեսին, թատրոնը, բեմը․․․ «Իսկ որպես անձ՝ շատ էի կարոտել դրսում զբոսնելը, ինչ-որ սրճարանում նստելը, որն, ի դեպ, արդեն հասցրել եմ անել։ Շատ կուզեի, որ ճանապարհները բացվեին ու հնարավոր լիներ մեր հերթական ամառային հանգիստը կազմակերպել»,- պատմում է Սաթենիկ Հազարյանը։

Կարանտինի բազմաթիվ բացասական կողմերից զատ հաղորդավարուհին փորձեց իր համար առանձնացնել նաև դրականները․ «Որպես կարանտինի դրական կողմ կարող եմ նշել այն, որ հնարավորություն ունեցա երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Այս ընթացքում լեզվին եմ սկսել ավելի շատ ուշադրություն դարձնել, որը մի պահ այն կողմ էի դրել ժամանակ չլինելու պատճառով։ Իրականում ես ամեն ինչում եմ փորձում լավը տեսնել, ես դրական մարդ եմ ու միշտ ցանկանում եմ, որ իմ շրջապատն էլ ինձ պես դրական տրամադրվի։ Ես կարող էի թուլանալ և ընկճվել, բայց այդ չեմ անում, քանի որ ես մայր եմ ու իմ երեխաներին ես պետք է ոգևորեմ ու առաջ մղեմ»։

Սաթենիկը զրույցի վերջում նաև հավելեց, որ «Save միլիոն» ներկայացումը իր կյանքն անպայման կշարունակի, երբ ամեն ինչը սկսի ընկնել իր հունի մեջ։ «Ներկայացումը շատ սիրվել է, պահանջված է և արդեն որերորդ ներկայացումն էր, ինչ օրը նշանակվում էր, ինչից անմիջապեսհետո տոմսերը սպառվում էին։ Մեր հանդիսատեսը մեզ մշտապես գրում է, նրանք մեզ սիրում ու կարոտում են, և դա ևս շատ կարևոր ու առանձնահատուկ է մեզ՝ դերասաններիս համար,- ժպիտով պատմում է Սաթենիկ Հազարյանը և հավելում, որ այս ընթացքում ինքը նաև մեկ այլ հետաքրքիր զբաղմունք էլ է գտել․ «Ինքս ինձ զբաղեցնելու համար սկսեցի երեխաներիս հետ միասին նկարել, տանը առանձին անկյուն ունենք, որը իրար հետ միասին ներկել և ձևավորել ենք»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան