«Երբևէ չեմ փոշմանել ու վստահաբար կարող եմ ասել, որ չեմ էլ փոշմանի»․ Անուշկա Մարգարյանը՝ հեռուստասերիալային դերի, կարանտինի, կարոտի ու իր մասնագիտության մասին

Դերասանուհի Անուշկա Մարգարյանն այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում․ դերասանուհին ներկայանում է Գաբիի կերպարում։ Չնայած կարանտինին՝ սերիալի նկարահանումները շարունակվում են և դերասանուհին առաջվա պես հնարավորություն ունի իր օրվա մի մասն անցկացնելու նկարահանման հրապարակում, այլ ոչ թե տանը՝ աշխարհից ինքնամեկուսացած պայմաններում։

ShowBiz.am-ի հետ զրույցում Անուշկան մեզ պատմեց իր առօրյայից, նկարահանումներից ու հետաքրքիր կարանտինից, խոսեցինք նաև հայկական հեռուստասերիալներից, այս ամիսների ընթացքում առաջացած կարոտից, իր մասնագիտությունից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։

«Իմ բոլոր կերպարներն ինձ համար հարազատ են եղել ու կապ չունի՝ դրանք դրական, թե բացասական էին։  Յուրաքանչյուր կերպար կերտելիս պետք է «հագնել» նրան, որպեսզի հնարավորինս բնական ստացվի խաղդ։ Գաբիին էլ շատ սիրեցի, չնայած երբեմն անում է այնպիսի բաներ, որ ուղղակի ուզում եմ խեղդել․․․ Բայց միևնույնն է, նա արդեն իմ մի մասն է դարձել»,- զրույցի սկզբում նշեց դերասանուհին։

Կարանտինը շատ բան չի փոխել դերասանուհու առօրյայի մեջ, Անուշկան չի պատկերացնում՝ ինչ կլիներ իր հետ, եթե չլիներ իր աշխատանքը։«Մի քանի օր տանը մնալուց հետ զգում էի, որ գժվում եմ՝ բառիս բուն իմաստով։ Տանն օրս հետաքրքիր անցկացնելու համար տարբեր զբաղմունքներ եմ փնտրում․ նաև փորձում եմ ժամանակս խոհանոցում էլ անցկացնել։ Դեռ փոքր տարիքից սիրել եմ այն, ինձ համար հետաքրքիր է զանազան ու համեղ ուտելիքներ պատրաստելը։ Իսկ առօրյայումս փոխվել է այն, որ ժամանցի վայրեր չեմ գնում, ընկերուհիներիս ու բարեկամներիս չեմ հանդիպում։ Բարեբախտաբար տեխնիկան գոնե որոշ չափով թույլ է տալիս, որ կարոտդ առնես՝ թեկուզ տեսազանգերի միջոցով։ Իհարկե, բնական շփումը չես փոխարինի վիրտուալով, բայց, ինչևէ, ունենք այն, ինչ ունենք․․․ Չեմ ուզում վախենալ վիրուսից, որովհետև զգացել եմ՝ ինչքան վախենում ես, այնքան մեծանում է հավանականությունը հանդիպելու վախիդ օբյեկտին։ Պաշտպանվում եմ այնպես, ինչպես մինչև վիրուսի ի հայտ գալն էի անում՝ հիգիենայի կանոնները պահպանելով։ Մաքուր օդին դիմակ չեմ կրում, միայն փակ տարածքներում,- պատմում է Անուշկա Մարգարյանը։

«Կարանտինի ընթացքում ամենաշատը կարոտել եմ նրանց, ում սիրում եմ․․․ Ինքս ինձ էլ եմ կարոտել նրանց կողքին»,- ասում է դերասանուհին և շարունակում․ «Չնայած մի կողմից էլ լավ է․ մի տեսակ մաղվում են այն մարդիկ, ովքեր «իրական» չէին։ Կարանտինի լավ կողմերից կարող եմ առանձնացնել նաև այն, որ հնարավորություն ունես ինքդ քեզ հետ մնալ, քեզնով զբաղվել, շատ բաներ այդպիսով իր տեղն է ընկնում։
Ամեն բան լավ կլինի, ես վստահ եմ։ Միակ վատ կողմը մարդկային կյանքի կորուստներն են, որից, ցավոք սրտի, չի լինում խուսափել, մնացած ամեն ինչ շտկելի է ու հնարավոր է վերականգնելը»։

Կարանտինի ընթացքում դերասանուհու հետ զվարճալի դեպքեր շատ են պատահել․ «Դա երևի ավելի լավ մայրիկս կարող է պատմել, որովհետև նա է ինձ միշտ կողքից հետևում՝ իմ գժություններին, երբ մի քանի օր տանն էի մնում։ Բայց կոնկրետ դեպք այս պահին հիշել չեմ կարող»։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձանք հայկական հեռուստասերիալներին և  դրանց առավելություններին ու թերություններին։ «Այն բյուջեով, որով Հայաստանում են նկարահանում այսպիսի սերիալներ, վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի ուրիշ երկրում այս արդյունքը ստանալ չէին կարող։ Դերասանի համար կրթությունը իհարկե ցանկալի է, բայց դեպքեր կան, որ, կարծում եմ, պարտադիր չէ»,- մանրամասնում է Անուշկան։

Մասնագիտությամբ Անուշկան լրագրող է, բայց ինչպես ինքն է բազմիցս նշել, այդ մասնագիտությունը նա չէ ընտրել․ «Դրա համար էլ այժմ դրանով չեմ զբաղվում։ Զբաղվում եմ նրանով, ինչը իմն է։ Երբևէ չեմ փոշմանել ու վստահաբար կարող եմ ասել, որ չեմ էլ փոշմանի, քանի որ ես ուրախ եմ նրա համար, թե հիմա որտեղ եմ ու նրանով, ինչով զբաղվում եմ»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան